Search
Close this search box.

«Դիրքապահ»-ի ուղերձը խրամատում կանգնած զինվորից մինչև սահմանում ապրող մեր հայրենակիցներին

«Հարգելի հայրենակիցներ, մայրեր ու հայրեր, քույրեր ու եղբայրներ և մեր հայրենիքի քաջ պաշտպան զինվորներ ու սպաներ, ավարտին է մոտենում ևս մեկ տարի, և յուրաքանչյուրս ինքն իրեն պետք է հաշվետվություն տա, թե ինչ է արել ու ինչ է թողել գալիք տարվան: Բոլոր այն թերություններն ու բացթողումները, որ ունեցել ենք 2017թ-ին, անպայման պիտի ինքներս վերլուծենք և հասկանանք` որն է եղել թերացման պատճառը: Այն մարդը, ով հաշվի չի նստում գոնե ինքն իր հետ, այդ մարդը անկարող է գործել համընդհանուրի:
Ցանկանում եմ,որ գալիք տարում մարդիկ ավելի շատ իրար սիրեն, հարգեն , լինեն հավատարիմ, ազնիվ և բարի: Գալիք տարում բոլորս մի կողմ դնենք մեր անձնական շահը ու բոլորով միասին անձնական շահ դարձնենք ազգայինը:
Առանձնահատուկ շնորհավորում եմ մեր հայրենիքի համար զոհված անմահ հերոսների ընտանիքներին,մեր խոնարհումը բերելով նրանց: Շնորհավորում եմ հայրենիքի պաշտպանության համար ծանր վիրավորում ստացած հայոց քաջերին, ովքեր այսօր մեր կողքին են ու իրենց համառ կամքով ապացուցում են, որ մենք ուժեղ ազգ ենք, պայքարող ու չհանձնվող մարդու տեսակ ենք:
Թող գալիք տարին ամրացնի աշխարհասփյուռ հայության կապը: Մեր ազգի հիմքերը ամրացնելու համար պետք է անկորուստ լուծենք Արցախի հարցը: Մեր հաջողությունը պայմանավորված է յուրաքանչյուրիս համառ աշխատանքով:
Մենք`քառօրյա պատերազմ անցած տղաները, արդեն ուղենշել ենք մեր անելիքը` հիմնադրել ենք «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հասարակական կազմակերպությունը: Այն պայքարը ու գործելու ցանկությունը, որ կա մեր թիմի մեջ` հիրավի մեծ է, համախմբվում ենք այն տղաներով, ովքեր անկոտրում են` չնայած որ պատերազմի ընթացքում ձեռք են բերել առողջական բազմատեսակ խնդիրներ: «Դիրքապահների» միավորումը ունի շատ ծրագրեր, որոնք պիտի իրականացվեն 2018թ- ին: Մենք, լինելով երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ, ապրելով վերջին պատերազմի օրերը` կոչ ենք անում միավորվել մեզ հետ և գործել հանուն այն տղաների սխրանքի, ովքեր ընկան ի փառս հայրենիքի: Մեզ համար ամենամեծ ուժն այն է, երբ մեր կողքին ամեն օր նոր մարդիկ են ավելանում, ինչն արդեն նշանակում է, որ մենք գնահատված ենք:
«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հասարակական կազմակերպությունը կրկին շնորհավորում է աշխարհասփյուռ հայության, սահմանում ու խրամատում կանգնած հայի ու նրա զավակի Նոր Տարին, թող 2018 թվականը լինի խաղաղության ու մեր երկրի զարգացման տարի: Շնորհավոր Ամանոր և սուրբ ծնունդ»:

«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հասարակական կազմակերպության նախագահ Մանուել Մանուկյան

Please enter a valid URL