Եվրոպական միության պատվիրակության՝ գազային բանակցությունների համար Բաքու այցի եւ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Բըրնսի Երեւան այցի նախօրեին Ապշերոնյան վարչակազմի ղեկավարը «հակառուսական» բնույթի հայտարարություններ է արել եւ սպառնացել Հայաստանին։ Նա ՌԴ ՊՆ-ին մեղադրել է «հայկական զինված կազմավորումները Ղարաբաղից դուրս բերելու խոստումը չկատարելու մեջ», կրկնել է ռուսական դիրքորոշումը Մինսկի խմբի չեղարկման վերաբերյալ, Երեւանին կոչ է արել մոռանալ Ղարաբաղի կարգավիճակի մասին եւ այլն։ Հակառակ պարագայում, ըստ Ալիեւի, իրենք «գիտեն ինչ անել», եւ Բաքուն կդիմի որոշակի քայլերի։
Ալիեւը պատրաստվում է Եվրամիության հետ գազային բանակցությունների՝ ռուսական էներգակիրների դեմ սահմանափակումների պայմաններում։ Եվրոպայի մի քանի երկրներ արդեն հրաժարվել են ռուսական գազից եւ ստանում են Բաքվի գազը։ Ալիեւի «հակառուսական» դեմարշն անկասկած թելադրված է Արեւմուտքի առաջ Բաքվի ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական կշիռը բարձրացնելու նպատակով։ Հայաստանը եւ Արցախի խնդիրն ամուր կապվում են ռուսական գործոնի հետ՝ որպես տարածաշրջանում ապակայունացնող գործոն, եւ սա ուղերձ է նաեւ ամերիկյան կողմին։ Իր հերթին, Հայաստանի հասցեին սպառնալիքների նպատակը Հայաստանը ռուսական ծիրում ամուր «պահելն» է, ինչը Բաքվի համար արտաքին քաղաքական մի շարք կարեւոր ուղղություններում՝ Արեւմուտքի հետ հարաբերություններ, հայ-թուրքական «կարգավորում» եւ այլն, նոր իրողությունները սեփական պայմաններով ճանաչել տալու երաշխիքն է։
Մյուս կողմից, Բաքուն Մոսկվայի հետ պատրաստվում է եւ ամենայն հավանականությամբ արդեն կիրառում է պատժամիջոցները շրջանցելու գորշ սխեմաները, որի մասին ամիսներ առաջ ակնարկում էին Կրեմլին եւ հատուկ ծառայություններին մոտ կանգնած փորձագիտական շրջանակները։ Խոսքը մասնավորապես գազի մասին է․ Բաքուն չունի այն ծավալները, որոնք կարող են թեկուզ մասնակի փոխարինել ռուսական գազին Եվրոպայում, եւ բարդ սխեմաների միջոցով ռուսական գազը կարող է Եվրոպա հասցվել «ադրբեջանականի» տակ։ ՌԴ-ն արդեն նման մեխանիզմներ է փորձում կիրառել Ղազախստանի հետ նավթի արտահանման հարցում։ Դժվար չէ ենթադրել, որ սա անգնահատելի օգնություն է Ռուսաստանին, որը կանգնած է ոչ միայն Արեւմտյան խոշոր շուկան եւ մնացած շուկաները, այլեւ Գազպրոմը որպես տնտեսական ու քաղաքական լծակ կորցնելու հեռանկարի առաջ։
Ալիեւը քաղաքականությամբ է զբաղված՝ ամրացնելով իր դիրքերն Արեւմեւտքում եւ Ռուսաստանում, Երեւանի ռուսանպաստ լռության ու խաղաղության տխմար սազանդարության ֆոնին։
Հ․Գ․ Ուկրաինական որոշ շրջանակներ կրկին ոգեւորվել են Ալիեւի հայտարարություններից՝ «ՌԴ դեմ երկրորդ ճակատ բացելու» հնարավորություն տեսնելով։ Հացահատիկի եւ ռազմանավերի հարցում ռուս-թուրքական ծուղակում հայտնվելու հանգամանքը երեւի լիովին դեռ չի գիտակցվել, թեեւ Փառուխի իրադարձությունների օրերին «երկրորդ ճակատի» ոգեւորությունն արագ մարեց Ուկրաինայի նախագահականի պաշտոնյայի հայտարարությամբ՝ որ Բաքուն ու Մոսկվան գործում են համատեղ։
Lragir.am