«Հայաստան» դաշինքը ցավակցագիր է հրապարակել Արմեն Գրիգորյանի մահվան կապակցությամբ: Ցավակցական ուղերձում մասնավորապես ասվում է.
«Երեկ դատական նիստի դահլիճում մահացավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։
Մայիսի 17-ից ԱԱԾ-ի միջնորդությամբ կալանավորված Արմեն Գրիգորյանը ռեժիմի, երկրում օրըստօրե ամրապնդվող բռնատիրության հերթական զոհն է։
Ազատ խոսքն ու քաղաքական այլակարծությունը կալանքներով ու բռնաճնշումներով լռեցնող իշխանության համար իրավունքը, մարդու արժանապատվությունն ու ազատությունները ոչինչ են։
Բարոյականության, օրենքի, պարզապես մարդկային խղճի հետ աղերս չունեցող իշխանության պատվերով միայն կարելի է բացատրել նաև անազատության մեջ գտնվող Արմեն Գրիգորյանին ՔԿՀ-ում տեսակցությունից զրկելը։
Բարոյական և ֆիզիկական խոշտանգումն այլ կերպ չի լինում։ Նրա մահը մեղքի և պատասխանատվության հասցե ունի՝ պատվեր տվողների և այն իրականացնողների իշխանական նեղ շրջանակ։
Արմեն Գրիգորյանը խիզախաբար, հայ մարդու, հայ քաղաքացու անմնացորդ նվիրումով պայքարում էր մեր արժանապատվության, արդարության, Հայրենիք ու պետականություն ունենալու համար, գերության մեջ գտնվող իր եղբայրների ազատության համար։
Նրա ներկայությունը միշտ լուսավոր էր, համոզիչ ու վարակիչ։
Արմեն Գրիգորյանը վստահաբար Հայրենիքի համար մեր պայքարի թանկ զոհերից է։
Ցավակցում ենք Արմեն Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, գաղափարական ընկերներին՝ նրա անժամանակ և ողբերգական մահվան կապակցությամբ։ Նրա հիշատակը կմնա մեր բոլորի սրտերում՝ ավելի ամրացնելով մեր պայքարի ճշմարտությունը»։