Հուլիսի 15-ին Երևան է ժամանել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսը: Ընդ որում, նրա այցն անցել է հատուկ ծառայություններին բնորոշ «խորհրդավորությամբ»: Բանն այն է, որ այցի մասին տեղեկությունը նախ տարածվել է լրատվամիջոցներով, ոչ պաշտոնապես, իսկ դրանց վերաբերյալ հարցերի առնչությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նշել է, թե չունի որևէ մեկնաբանությունը՝ չհաստատելով, բայց նաև չհերքելով այցը: Իսկ ավելի ուշ արդեն՝ երեկոյան, այցի հանգամանքը փաստացի պաշտոնապես հաստատել է Հայաստանի կառավարությունը, տարածելով տեղեկություն և լուսանկար Հայաստանի վարչապետի և ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի հանդիպումից:
Ըստ կառավարության հաղորդագրության, Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ուիլյամ Բըրնսին և նրա հետ քննարկել «միջազգային անվտանգությանը, ահաբեկության դեմ պայքարին առնչվող հարցեր»: Միաժամանակ, վարչապետ Փաշինյանն ու Ուիլյամ Բըրնսը «անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին»: Միանգամայն հասկանալի է այն մեծ հետաքրքրությունը, որ առաջացրեց ԱՄՆ ԿՀՎ տնօրենի հայաստանյան այցը: Կա որոշակի վարկած, որ ԿՀՎ ղեկավարի այցի ծրագրումը եղել է ամիսների աշխատանք, իսկ բուն շարժառիթը ոչ թե աշխարհաքաղաքականությունն է, այլ թերևս իրավա-քաղաքական հարցերը, մասնավորապես կապված Հայաստանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ԱՄՆ-ում ձեռք բերած թանկարժեք ունեցվածքի խնդրին: Բոլոր դեպքերում պետք է նկատել նաեւ, որ գոնե լայն հանրության համար այցը չի եղել ազդարարված , եւ եթե գործ ունենք այցի այդ տարբերակի հետ, ապա բոլոր դեպքերում կասկածից վեր է, որ հարցը ունի շատ ավելի ընդգրկուն քաղաքական համատեքստ, եթե արժանացել է ԿՀՎ ներգրավման, այն էլ տնօրենի մակարդակով, ու այն էլ Հայաստան այցելելու հանգամանքով:
Իհարկե միևնույն ժամանակ պետք է նկատել, որ, եթե նույնիսկ գործ ունենք ամիսներ առաջ ծրագրված այցի հետ, ապա այն, որ այցը տեղի է ունենում աշխարհաքաղաքական ներկայիս աշխույժ փուլում, առաջացնում է հավելյալ ինտրիգ: ԱՄՆ հետախուզության տնօրենը Հայաստան է այցելում այն օրերին, երբ ԱՄՆ նախագահը կարևորագույն այց է կատարում Մերձավոր Արևելք, որի օրակարգը՝ Իրան, Ռուսաստան և նրանց հակազդելու ամերիկյան ջանք, էապես առնչվում է նաև Կովկասին: Ավելին, օրեր անց էլ Իրանում տեղի է ունենալու ՌԴ, Թուրքիայի և Իրանի նախագահների հանդիպում, որտեղ քննարկվող հարցերը թերևս որոշակիորեն կուրվագծեն առաջիկա ժամանակահատվածի ուժերի բալանսը: Այն, որ այդ ամենի վերաբերյալ հարցեր Ուիլյամ Բըրնսի այցի ընթացքում քննարկվել են, գործնականում ակնառու է վարչապետ Փաշինյանի մոտ տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ կառավարության հաղորդագրությունից: Հարցն այն է, թե ինչ ծավալով, խորությամբ և շեշտադրումներով են եղել քննարկումները:
Ի դեպ ուշագրավ է, որ նրա հայաստանյան այցին զուգահեռ ազդարարվել է այսօր Թբիլիսիում տեղի ունենալիք Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին, թեև որևէ կերպ հնարավոր չէ այդ հանգամանքը ուղիղ կապակցել ամերիկացի պաշտոնյայի այցի հետ: Ընդ որում մեկ այլ ուշագրավ հարց կարող է լինել այն, թե արդյո՞ք նա մի քանի ժամով ռեգիոն է հասել միայն Հայաստանում լինելու համար, թե՞ Բըրնսը կարող էր լինել նաև Բաքվում ու Թբիլիսիում: Դա որոշակի ինդիկատորային դետալ է, որի վերաբերյալ առայժմ չկա տեղեկատվություն: