ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող Արսեն Արմենի Մանուկյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով, 2022թ. հուլիսի 14-ին՝ ժամը 10:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արմենի Մանուկյանը, մարտական դիրքում դիտորդի պարտականություններն իրականացնելու ընթացքում, իրեն ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգից իրեն հասցրել է մահացու հրազենային վիրավորում:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը), կազմվել է քննչական խումբ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
NEWS.am-ի հետ զրույցում Արսեն Մանուկյանի ծանոթը, որի անունն իր խնդրանքով չենք հրապարակում, պատմեց, որ նա ուներ երկու քույր եւ մեկ եղբայր։ Եղբայրը պայմանագրային զինծառայող է, մի քույրն ամուսնացած է, մյուսն էլ անչափահաս է, սովորում է Վարդենիսի պետական քոլեջում։
«Իրենք ապրում են սոցիալապես շատ ծանր կացության մեջ են։ Ապրում են մեկսենյականոց բնակարանում, որի վիճակը սարսափելի է։ Մայրը մոտակա խանութում աշխատում է որպես հավաքարար, հայրն էլ մանր աշխատանքներ է կատարում, այս պահին Ռուսաստանում է։ Ինքը շատ հանգիստ, խելոք տղա էր։ Մեզ մոտ ասում են՝ կռիվ է եղել զինվորների միջեւ, կրակել են, բայց հստակ ոչինչ չգիտենք»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արմենի Մանուկյանի (ծնվ. 2003թ.) դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով։ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ տարվում է քննություն՝ դեպի հանգամանքները լիարժեք պարզելու համար։