Search
Close this search box.

«Սեքյուրիթի դրիմ»-ի դարաշրջանը բարեհաջող ավարտվում է». Փաշինյանը՝ կառավարության որոշման մասին

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիի 14-ի նիստում Հայաստանում «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին որոշում կայացրեց:

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն ասաց, թե կազմակերպությունը տեխնիկական միջոցների օգտագործմամբ օժանդակելու է հանցագործությունների և վարչական իրավախախտումների հայտանբերմանը, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի վարչական իրավախախտումների գործերով վարույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնմանը, իսկ այլ դեպքերում՝ լիազոր մարմնի պահանջով տեսալուսանկարահանող համակարգերով հավաքված տեղեկություններ տրամադրելու միջոցով օժանդակելու է վարույթին։

Ընդ որում, հայտնաբերված վարչական իրավախախտումներով գանձված տուգանքները օրենքով սահմանված կարգով մուտքագրվելու են պետական բյուջե։

«Բացի այդ, նախատեսվում է, որ «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կմիանա Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպում իրականացնող «Փարկինգ սիթի սերվիս» փակ բաժնետիրական ընկերության ծրագրին, ինչպես նաև դեղատների, զենքի առևտուր իրականացնելու համար նախատեսված շինությունների, առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերի, հանրային սննդի օբյեկտների, կենցաղային ծառայության օբյեկտների, խաղատների և խաղասրահների մուտքերը տեսաձայնագրող համակարգերին։

Ընդ որում, ՊՈԱԿ-ի պահպանման ծախսերի ֆինանսավորման աղբյուր են հանդիսանալու ՀՀ Ոստիկանության յուրաքանչյուր տարվա բյուջեով «Հավատարմագրային կառավարման ծառայություն» գնման առարկայի գծով նախատեսվող հատկացումները։ Օրինակ, տվյալ նպատակով ընթացիկ տարվա բյուջեով նախատեսված է 3․272,2 մլն․ դրամ, որից 2․559,0 մլն․ դրամը՝ հավատարմագրային կառավարման հանձնված համակարգերի (գույքի) կառավարման, շահագործման և տեխնիկական սպասարկման փաստացի ծախսերի հատուցման, իսկ 713,0 մլն․ դրամը՝ հավատարմագրային կառավարչի վարձատրության գծով հատկացումներն են (ներառյալ՝ 5․379,8 մլն․ դրամ ԱԱՀ-ը)։

Ըստ այդմ, ՊՈԱԿ-ի պահպանման ծախսերը իրականցվելու են ի հաշիվ վերը նշված հատուցման ծախսերի և դրա սահմաններում, քանի որ այդ ծախսերն ամբողջությամբ ներառում են հավատարմագրային կառավարչի՝ «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի պահպանման, այդ թվում՝ հավատարմագրային կառավարման հանձնված համակարգերի (գույքի) կառավարման, շահագործման, տեխնիկական սպասարկման նպատակով կատարվող ծախսերը», — նշվում է որոշման նախագծում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե այն գործառույթը, որն իրականանցում էր «Սեքյուրիթի դրիմ»-ը, հիմա վերցնում են ու իրականացնում են ՊՈԱԿ-ի միջոցով:

«Ինչու ավելի շուտ չէինք կայացնում այս որոշումը, որովհետև գործառույթը բավականին բարդ է ու մեր հիմնական խնդիրներ էր՝ արդյոք կկարողանանք պետական տանիքի ներքո այդ գործառույթն իրականացնել, բավականին երկար ժամանակ աշխատանքներ են արվել, ու մենք հիմա համոզված ենք, որ այդ գործառույթները պատշաճ ձևով կիրականացվեն»,-նշեց նա:

Փաշինյանը հայտարարեց՝ այսպիսով՝ «Սեքյուրիթի դրիմ»-ի դարաշրջանը բարեհաջող ավարտվում է:

Please enter a valid URL