«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կտուգանվի 20 մլն դրամի չափով։ Տեղեկությունը հրապարակված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքէջում։
Որոշումը կընդունվի այսօր հրավիրված նիստում։
Ընկերությունը տուգանվելու է սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման ժամկետների խախտման համար, քանի որ այդ ամենն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման։
Նշվում է, որ ՀԷՑ-ի ներկայացրած հիմնավորումները բավարար չեն եղել ընկերությանը պատասխանատվության չենթարկելու համար:
Օրինակ՝ 2021 թվականի 4-րդ եռամսյակի մասով՝ 235, իսկ 2022 թվականի առաջին եռամսյակի մասով 308 դիմող անձանց սպառման համակարգերը հաշվետու եռամսյակի ավարտի դրությամբ միացված չեն եղել էլեկտրական ցանցին, միացվել են ավելի ուշ:
ՀԾԿՀ. էլեկտրաէներգիայի հաշվիչները ճիշտ չեն աշխատում, ՀԷՑ–ը պետք է տուգանվի
Եղել է նաև այնպես, որ 2021 թվականի 4-րդ եռամսյակի մասով՝ 57, իսկ 2022 թվականի առաջին եռամսյակի մասով 46 դիմողի դեպքերում ընկերությունը հիմնավորել էր, թե դիմող անձանց սպառման համակարգերը պատրաստ չեն էլեկտրաէներգիա ընդունելուն, սակայն դա վկայող փաստաթուղթ չէր ներկայացվել։
Ընկերությունը որոշման ուժի մեջ մտնելու պահից սահմանված ժամկետում (մեկ ամսում) այն չկատարելու դեպքում ենթակա է հարկադիր կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով։