Հուլիսի 1-ին Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացները պայմանավորվածություն ձեռք բերեցին 2 երկրների սահմանները երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու մասին։ Հայտարարվեց, որ սա առաջին քայլն է՝ սահմանները բացելու ճանապարհին, հաջորդը, բնականաբար, լինելու է սահմանների բացումը մեր երկու երկրների՝ Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիների համար։ Այսինքն՝ այժմ Ռուսաստանի, Վրաստանի, Ֆրանսիայի, այլ երկրների եւ հատկապես Ադրբեջանի քաղաքացիները կարող են Հայաստանի միջով անցնել Թուրքիա։
Ինչպես Թուրքիայից էլ այլ երկրների եւ հատկապես Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանի միջով կարող են մեկնել իրենց երկիր։ Հայաստանը, այսպիսով, վերածվելու է իրական միջանցքի՝ արեւմուտքի եւ արեւելքի, հյուսիսի ու հարավի երկրների միջեւ։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջատագովները կարող են սա դիտել որպես Մետաքսի ճանապարհի վերականգնում եւ փայլուն ապագա պատկերել մեր երկրի համար՝ որպես տարանցիկ ուղի մեր ստանալիք եկամուտների եւ շահի իմաստով, սակայն շատերն այս լավատեսությունը չեն կիսում։
Առհասարակ՝ եթե պետք է ճանապարհները բացվեին, եւ երկու հարեւան երկրների հարաբերությունները կարգավորվեին, ինչո՞ւ է դա արվում փուլային եղանակով՝ երրորդ երկրների համար։ Գուցե իմաստը միայն եւ միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ կապի հաստատումն է, եւ այս պահին խնդիր է դրված Հայաստանը դարձնել միջա՞նցք՝ հենց Ադրբեջանից Թուրքիա անցումն ապահովելու համար։