Ուկրաինացի հետախույզները պատրաստվում են Վլադիմիր Զելենսկու կողմից երկրի հարավն ազատագրելու առաջադրանքի կատարմանը, աշխատանքներ են տարվում ռուս զինվորականների տեղակայման պլանների և վայրերի բացահայտման ուղղությամբ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` նման տեղեկություն է հայտնել է պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Վադիմ Սկիբիցկին։
Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը բրիտանական The Times թերթին տված հարցազրույցում հայտնել էր, որ Զելենսկին զինվորականներին հրամայել է ազատել երկրի հարավային տարածքը: Այդ նպատակով հավաքվում են «արևմտյան զենքով միլիոնավոր մարտական ուժեր»։ Իր հերթին Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը ասել էր, որ ուկրաինական բանակը հակագրոհ է սկսում և խաղաղ բնակչությանը կոչ էր արել լքել Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածքները:
«Մենք պարզապես չենք պատրաստվում, մենք հետախուզություն ենք վարում։ Մեր հիմնական խնդիրը ՌԴ զորքերի պլանները, մտադրությունները, տեղակայման վայրերը բացահայտելն է։ Խնդիրը, որը դրված է մեր առջև, կատարվելու է, չնայած շատ բան կախված կլինի այն օգնությունից, որը մեզ են տրամադրում են»,–ասել է Սկիբիցկին։
Ուկրաինայում իրականացվող հատուկ գործողության ընթացքում ռուս զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խերսոնի մարզն ու Զապորոժյեի մարզի մերձազովյան մասն Ուկրաինայի հարավում: Տարածաշրջանները հայտարարել են ՌԴ-ի սուբյեկտներ դառնալու ծրագրերի մասին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 139-րդ օրը։