Search
Close this search box.

Զինծառայողների դիերը տեղափոխելու և պահպանելու մասով սահմանված նորմ չի եղել. դատախազ

Որևէ նորմատիվ իրավական ակտով սահմանված չի եղել դիերի, մասունքների պահպանության կարգը, պահման պայմանները: Լրագրողների հետ զրույցում ասել է դատախազ Պետրոս Պետրոսյանը, տեղեկանում ենք News.am-ից։
Այսօր կայացել է Աբովյանի դիահերձարանի նկուղում գետնին պարկերով դրված զոհված զինծառայողների դիակների ու մասունքների դեպքի հետ կապված քրգործով հերթական նիստը։ Պետրոսյանն այդ գործով դատախազն է։

«Որևէ նորմատիվ իրավական ակտով սահմանված չի եղել դիերի, մասունքների պահպանության կարգը, տեղափոխման պայմանները. սա ցավալի փաստ է, բայց իրականություն, իսկ նման կարգի բացակայության պայմաններում որևէ պաշտոնատար անձի պատասխանատվության ենթարկել իրավաբանների համար անհնար է»,–ասել է Պետրոսյանը։
Միաժամանակ, Ժիրայր Մարգարյանի մայրը` տիկին Նաիրան, իր հերթին նիստից հետո լրագրողներին ասել է, որ որպես վկա ոչ մի անգամ չի հարցաքննվել։

«Եթե մինչ այդ պետության խնդիրը չէր, որ երեխաները հայտնվել էին այդ վիճակում, դա կրկին անարգանք էր մեր նկատմամբ, որ բացված գործը կարճվեց: Իմ հուղարկավորած երեխային ես նորից հուղարկավորել եմ, իմ ցավը շատ ուժգին էր ու դաժան: Տղաս անընդհատ երազիս էր գալիս, հանգստություն էր ուզում, ես ցանկացած վիճակում ցանկանում էի գտնել որդուս, որ հուղարկավորեի, իր հանգստությունը գտներ»,–ասել է մայրը։

Հավելենք, որ զոհված զինծառայողների ծնողները պահանջում են պատասխանատվության ենթարկել մարդկանց, ովքեր Աբովյանի դիահերձարանի նկուղում իրենց որդիների դիերն և մասունքները նման ձևով են պահել։Դատական հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 3-ին, որի ժամանակ կհրապարակվի դատարանի որոշումը:

Նշենք, որ հասարակության շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց սոցցանցերում հրապարակված լուսանկարը, որտեղ երևում էր, որ Աբովյանի դիահերձարանում պոլիեթիլենային պարկերով զինծառայողների մասունքներ են նետված գետնին։
Ի դեպ, գլխավոր դատախազությունը հրապարակումների հիման վրա քրգործ էր հարուցել պարկերով դրված դիերի հետ կապված։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել էր ծառայողական քննություն, որոշ ծնողներ կանչվել-հարցաքննվել էին, սակայն 2021-ի վերջին քրեական վարույթը ՔԿ-ն կարճել էր:

Ի՞նչ է լինելու զոհվածների` մինչև օրս պահվող մասունքների հետ. պատկան մարմիններն անտեղյակ են

Please enter a valid URL