Ֆրանսիական «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոն, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը, գրել է. «Հերթական փոխհրաձգությունն անցած գիշեր հայ և ադրբեջանցի զինվորների միջև՝ Նախիջևանի և Հայաստանի սահմանին. Ադրբեջանի ճնշումը հայերի վրա չի թուլանում, չնայած Ալիևի մեծ «պացիֆիստական» հայտարարություններին, որոնց միայն եվրոպացիներն են երանելիորեն հավատում»,- գրել է «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոն:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց` գրելով.«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 11-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Ավելին՝ նույն ժամանակահատվածում հենց ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումներն են տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է»,- ասված էր հայտարարության մեջ։