«Հրապարակ»-ը գրում է. Իշխանությունը հերթական օրենքը կհարմարեցնի իրեն։ ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն առաջարկում է արտգործնախարարության գլխավոր քարտուղարի համար պահանջվող ստաժը կրճատել՝ 10 տարուց դարձնելով 5, ըստ այդմ՝ «Դիվանագիտության մասին» օրենքում պետք է ամրագրել, որ «ԱԳՆ գլխավոր քարտուղարը նշանակվում է վարչապետի կողմից՝ ԱԳ նախարարի առաջարկությամբ՝ արտաքին գործերի նախարարության համակարգում առնվազն 5 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ եւ բարձրագույն դիվանագիտական աստիճան ունեցող անձանց թվից»:
Ներկայում առնվազն 10 տարվա դիվանագիտական ստաժ է հարկավոր, որպեսզի անձը զբաղեցնի այս պաշտոնը։ Փոփոխության հիմնավորումը հետեւյալն է․ «Օրենքի նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով գործնականում առաջացած այնպիսի խնդիրների լուծման անհրաժեշտությունը, որոնք կապված են ԱԳՆ բնականոն գործունեության ապահովման, արդյունավետության բարձրացման, ինչպես նաեւ հանրային ծառայության վերաբերյալ օրենսդրության հետ ներդաշնակեցման ապահովման հետ»։
Սակայն հայտնի է, որ Արարատ Միրզոյանը որոշել է ազատվել ներկայիս գլխավոր քարտուղար Բորիս Սահակյանից եւ իր մարդուն նշանակել, որը չի համապատասխանում օրենքով պահանջվող չափորոշիչներին։ Սահակյանը քարտուղար է նշանակվել 2021-ի հուլիսին, երբ Վահագն Մելիքյանը լքեց այդ պաշտոնը։ Ի դեպ, ԱԳՆ մեր աղբյուրներն ասում են, որ Միրզոյանը նախարարությունում բաց մրցույթով աշխատանքի է ընդունել նաեւ իր աներձագին, որին առաջիկայում պատրաստվում է գործուղել Սանկտ Պետերբուրգ՝ որպես հյուպատոս։