Այսօր բժշկական դիմակներով դիմակավորված անձինք, զինված ավազակային հարձակում են գործել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Վ. Փափազյան փողոցի 13ա հասցեում գործող գրասենյակներից մեկում ավազակային հարձակում է տեղի ունեցել, հայտնում է shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ 4 հոգի բժշկական դիմակներով, դեմքները փակած, ատրճանակի նմանվող առարկայով մտել են նշված հասցեում օտարերկրացիների կողմից գործող ինտերնետային դիզայնով զբաղվող օֆիս և զենքի սպառնալիքի տակ պահանջել գումար, այնուհետև այնտեղից հափշտակել են մի քանի 100 դոլար, բջջային հեռախոսներ, ապա դիմել փախուստի:
Գրասենյակից կողքից՝ մի քանի մետր հեռավորության վրա, ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ատրճանակի նմանվող առարկա, որը քննիչը առգրավվել է: Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները արդեն որոշ մանրամասներ պարզել են: Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հրապարակում:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ:
Պարեկները սահմանազատել են տարածքը: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, դեպքի վայրում էլ զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի և տեղակալի գլխավորությամբ: Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: