Search
Close this search box.

Հզոր ցնցումներ էին, դղրդոցի ուժեղ ձայն եկավ․ այօրվա երկրաշարժից մանրամասներ է պատմում գյուղապետը

Շիրակի մարզի Բավրա գյուղում այսօր՝ հուլիսի 11-ին, գրանցված երեք երկրաշարժերը ավերվածություններ չեն առաջացրել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բավրայի գյուղապետ Պավլիկ Սումբուլյանը:

«Գյուղի որոշ տներում ճաքեր են առացել: Շատ հզոր ցնցումներ էին, դղրդոցի ուժեղ ձայն եկավ՝ հատկապես առաջին ցնցման ժամանակ: Մեր գյուղում սովորաբար ժամը յոթից-ութից մարդկանց մեծ մասը դրսում են, ներսում միայն երեխաներն են ու մայրերը: Ուժեղ դղրդոցից հասկացանք, որ երկրաշարժ է: Տանը գտնվող մարդիկ արագ դուրս վազեցին: Մի քանի վայրկյան տեւեցին ցնցումները: Հիմա արդեն տուն են մտել մարդիկ: Մի փոքր շփոթված են, բայց վերջին ամիսներին մեզ մոտ հաճախակի է երկրաշարժ գրանցվում, սովորական բան է դարձել»,- նշեց Սումբուլյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 11-ին՝ տեղական ժամանակով ժամը 07:36-ին, Բավրա գյուղից 14 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 6 բալ:

Դրանից հետո տեղական ժամանակով ժամը 09:10-ին Բավրայից 15 կմ հյուսիս-արևելք գրանցվել է եւս մեկ երկրաշարժ՝ օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով, ուժգնությունը էպիկենտրոնում՝ 5 բալ:

Իսկ ժամը 10:14-ին գրանցվել է երկրորդ երկրաշարժը՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Թավշուտ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

Please enter a valid URL