Արմավիրի մարզում աշխատանքային այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանն այցելել է Մեծամոր խոշորացված համայնքի Արեւիկ բնակավայր եւ ծանոթացել պետական բյուջեի միջոցներով մոդուլային մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքների ընթացքին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանը։
«Մսուր–մանկապարտեզի շինաշխատանքները մեկնարկել են 2021թ. եւ նախատեսվում է ավարտել մինչ տարեվերջ: Ծրագրի արժեքն է շուրջ 500 մլն դրամ»,– գրել է Փաշինյանը։
Վարչապետը զրուցել է նաեւ գյուղացիների հետ, հետաքրքրվել, թե ինչ խնդիրներ ունեն։
Դպրոցի աշակերտուհիներից մեկն այդ պահին մոտեցավ վարչապետին եւ խնդրեց գյուղի 4–րդ կարգի վթարային դպրոցը վերանորոգել։ Փաշինյանը նախ ծիծաղեց, ապա աշակերտուհուն ուղղորդեց այդ հարցով դիմել փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանին։
«Բան չեմ կարող ասել, անելու ենք»,– ծիծաղելով ասաց փոխվարչապետը։
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյան էլ հավելեց, որ մարզում վթարային կարգի շինությունները շատ են, դրանք ներառված են առաջիկա տարիների ծրագրերի մեջ։
«Անպայման կանենք, բայց ժամանակ կտեւի, չենք կարող միանգամից բոլորն անել»,– դիմելով աշակերտուհուն՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։