Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ այսօր FLY ONE ARMENIA ավիաընկերության ինքնաթիռը չի կարողացել թռչել տեխնիկական խնդրի պատճառով։ Ուղևորներին իջեցրել են իքնաթիռից և, ըստ նրա, երեք ժամ որևէ տեղեկություն չեն տրամադրել։
Գրիգոր Երիցյանը նշել է, որ ուղևորները վախացել են կրկին նույն ինքնաթիռը նստել, ավիաընկերությունից որևէ ներկայացուցիչ տեղում չի եղել, ոչ էլ այլընտրանքային թռիչք է առաջարկվել։
Երիցյանն ավելի ուշ թարմացրել է գրառումը՝ նշելով, որ չորս ժամ անց միայն իրենց տեղեկացրել են, որ թռիչքը չեղարկվում է։
Ավելի ուշ նա ևս մեկ գրառում է արել, որում նշել է, որ ուղևորներին ո՛չ սնունդ են առաջարկել, ո՛չ ջուր, ո՛չ տոմս։ Գրիգոր Երիցյանը գրառմանը կից նաև տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ավիաընկերության ներկայացուցիչը բարձր տոնով խոսում ուղևորների հետ։