Search
Close this search box.

Վիճակը ծայրահեղ ծանր է. Ապարանի կրակոցներից վիրավորված քաղաքացիների առողջական վիճակի մասին

Ապարանում տեղի ունեցած կրակոցների հետեւանքով «Արմենիա» բժշկական կենտրոնում հոսպիտալացված քաղաքացիներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը:

Հոսպիտալացված մյուս քաղաքացու վիճակը բավարար է:

Հիշեցնենք, որ հունիսի 19–ին, Ապարանից Նիգավան գնացող ճանապարհահատվածում սպանություն էր տեղի ունեցել։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ 32–ամյա քաղաքացին եղբոր հետ հունիսի 18–ին, երեկոյան՝ 22:30-ի սահմանում, Ապարան քաղաքում ավտոմեքենան վարիս ձայնային ազդանշան էր տվել «Infinity» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել մեքենան ու կանգնեցրել այն, մոտեցել վարորդին եւ վիճել նրա հետ: Միջամտել էին Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ: Հաջորդ օրը նա եղբոր եւ մի քանի անձանց հետ նորից գնացել էր Ապարան, որտեղ գտնվող գազալցակայանի տարածքում հանդիպել էր իրենց վեճին միջամտած անձանցից մեկին եւ ծեծի ենթարկել նրան:

Երեկոյան Նիգավան գյուղի աղբանոցի հարակից տարածքում վիճաբանությունը շարունակվել էր, որի ընթացքում էլ 32-ամյա տղամարդը իր մոտ եղած հրացանից կրակոցներ էր արձակել իրենց հետ վիճող անձանց ուղղությամբ: Հրազենային վնասվածքներով Ապարանի բուժկենտրոն տեղափոխված Ապարան քաղաքի երկու բնակիչները մահացել էին, իսկ հինգ անձ տեղափոխվել Երեւանի բժշկական կենտրոններ:

Please enter a valid URL