Իրանը դեմ է ցանկացած քայլի, որը հանգեցնում է տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխության։ Այս մասին Երեւան ժամանելիս լրագրողներին ասել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի (ԱԱԲԽ) քարտուղար, կոնտր-ադմիրալ Ալի Շամհանին, հայտնում է Mehr-ը։
Նա նշել է, որ Իրանի վարչակազմի քաղաքականությունը կենտրոնացած է հարեւանների հետ հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման վրա, եւ դա է Հայաստան իր այցի հիմնական նպատակը։
Շամհանին ընդգծել է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման անհրաժեշտությունը՝ տարածաշրջանային համագործակցության միջոցով, եւ հայտարարել է, որ Իրանը աջակցում է այնպիսի ձեւաչափերին, ինչպիսին է «3+3»-ը, որը ներառում է Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Հայաստանը եւ Վրաստանը։
Շամհանին հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները կհանգեցնեն ամուրն խաղաղության՝ երկու երկրների տարածքային ամբողջականության պահպանման շրջանակներում։ Նա միաժամանակ նշել է, որ Իրանը դեմ է ցանկացած գործողությունների, որոնք կհանգեցնեն տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխությանը։