Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները վերջին հանդիպման արդյունքներով հասել են պայմանավորվածության` Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար և Թուրքիա-Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնել օդային տրանսպորտով, կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա շատ կարևոր է, որպեսզի մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն, որովհետև քաղաքական պայմանավորվածությունը պայմանավորվածություն, բայց այդ աշխատանքից է կախված դրանց իրագործումն ու իմ հանձնարարությունն է, որպեսզի կոորդինացված աշխատենք` հնարավորինս շուտ իրագործելու համար ձեռք բերված պայմանավորվածությունները»,-ասաց նա:
Հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը չորրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում։
Կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:
Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:
Բացի այդ, քննարկվել են այլ հնարավոր կոնկրետ քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար։
Ի վերջո, կողմերը կրկին ընդգծել են իրենց պայմանավորվածությունը՝ շարունակելու կարգավորման գործընթացն առանց նախապայմանների: