Search
Close this search box.

Մեծ Բրիտանիան կբացի՞ հայկական գաղտնիքները

Հայաստանի դեմ ռուս-թուրքական ռազմական արշավի ու «հետպատերազմյա կարգավորման» համատեքստում քննարկվում է նաեւ Մեծ Բրիտանիայի դերակատարության հարցը, ընդհուպ՝ որ այդ ամենը կազմակերպել է Մեծ Բրիտանիան։ Սա հատկապես հաճախացել է Ուկրաինայում Մեծ Բրիտանիայի ակտիվության ֆոնին։ Ընդ որում, երբեմն այդ պնդումներն այնքան հեռուն են տանում, որ ստացվում է, որ Կրեմլը եւ անձամբ Պուտինը բրիտանական գործակալներ են եւ կատարում են Լոնդոնի հրահանգները։

2020-ի հոկտեմբերին ՄԱԿ ԱԽ-ում տապալվեց Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ բանաձեւի քննարկումը, եւ բոլոր սլաքները գնացին Լոնդոնի կողմ։ Բրիտանական դեսպանը հերքեց իրենց կողմից տապալման տեղեկությունը, հետո պարզ դարձավ, որ բանաձեւը Ռուսաստանի խնդրանքով տապալել է Չինաստանը։

Հայաստանի ու հայկական հարցերում Մեծ Բրիտանիայի դերակատարության պատմական-քաղաքական բազմակողմ հանգամանքներ եւ անժխտելի փաստեր կան, միեւնույն ժամանակ նկատելի է, որ հայկական միջավայրում մեծ է Ռուսաստանի քաղաքական վերնախավի հռչակած հակաարեւմտյան քաղաքականության, մասնավորապես «անգլոսաքսոնական դավադրության» ազդեցությունը։

Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը 1918-1920 թթ․ իրադարձությունների վերաբերյալ իր հուշերում գրում է․ «Բանակի և նրա հրամանատարության ջանքերով` դաշնակիցների, և առաջին հերթին, անգլիացիների օժանդակությամբ, Հայաստանին միացվեցին նրա անբաժանելի մասերը` Կարսի մարզը, Սուրմալուի գավառը, Շարուր-Նախիջևանի և Զանգեզուրի գավառները: Հայաստանի տարածքն ընդլայնվում էր և հասավ արդեն 45.000 քառ.կմ., մոտենալով ընդհուպ Թուրքիայի 1914թ. սահմաններին: Մենք սպասում էինք Փարիզի Վեհաժողովի որոշմանը, որպեսզի անցնենք Թուրքիայի հետ Ռուսաստանի նախապատերազմյան սահմանը և ընդլայնենք Հայաստանի սահմանները:

Հայաստանի համար սահմանների ընդլայնումը խիստ անհրաժեշտ էր, քանի որ դեպի Հայաստան սկսվեց փախստականների նոր ներհոսք` Թուրքիայի տարբեր շրջաններից և Ադրբեջանից: Զուգահեռաբար, Հայաստանի Հանրապետության պատվիրակության կողմից տարվում էր դիվանագիտական աշխատանք Փարիզում, որն ավարտվեց 1920թ. օգոստոսի 10-ին Սևրի պայմանագրի ստորագրմամբ, ըստ որի, համաձայն Միացյալ Նահանգների Նախագահ Վիլսոնի իրավարար վճռի, Հայաստանը ստանում էր Վանը, Մուշն ու Տրապիզոնը և ընդհանուրը պետք է ունենար 180.000 քառ.կմ. տարածք: 1920 թ. դեկտեմբերին օրակարգում դրված էր Հայաստանի Ազգերի Լիգային անդամակցելու հարցը»:

1920-ին Ռուսաստանի իշխանության եւ Հայաստանում նրա ներքին ագենտուրայի ջանքերով այս ընթացքը տապալվում է։ Ռուս-թուրքական 1919-1923 թթ․ համաձայնություններով ու համատեղ գործողություններով Հայաստանի պետականությունը ոչնչացվում է։ Միեւնույն ժամանակ, հայկական պետականության ռուս-թուրքական ոչնչացումը վավերացվում ու ճանաչվում է Լոզանի պայմանագրով, որի կերտողներն էին Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան, Քեմալական կառավարությունից դրա դիմաց զիջումներ ստանալով նեղուցների եւ այլ հարցերում։ Իր հերթին, Ռուսաստանը ջանքեր էր գործադրում իր ստեղծած Թուրքիայի դիրքերն ամրապնդելու, իր ստեղծած «Ադրբեջանը» կայացնելու համար, այդ նպատակով վճարելով ռուսական ոսկով, ցորենով, զենքով։

Ինչպես տեսնում ենք, հայերը ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա մնում են մատաղացուի դերում․ ունենալով պատմական-քաղաքական իրավունքների ահռելի փաթեթ՝ չկա այն իրացնելու պատրաստ քաղաքական վերնախավ, ինչը հայկական խնդիրները հարմար լծակ է դարձնում օտարների ձեռքին՝ հայերի հաշվին միմյանց մեջ խնդիրները լուծելու համար։ Նույն Լոզանի կոնֆերանսում բրիտանացի արտգործնախարար լորդ Քերզոնը ռուս դեսպանին ակնարկում էր 1921 թ. Մոսկվայի պայմանագրին կից՝ Հայաստանի պետականության ոչնչացման ու հայերին աշխարհով մեկ ցրելու պարտավորությունների վերաբերյալ գաղտնի արձանագրությունները, իսկ թուրքերին՝ սպառնում Արեւմտյան Հայաստանում հայերին թողնելով:

Բրիտանիան 100 տարի անց կբացահայտի՞ «հայկական գաղտնիքները»․ բրիտանական պառլամենտում հայերի ցեղասպանությունն առաջին փուլով ճանաչելուց եւ ՄԱԿ ԱԽ-ում բանաձեւի տապալման բացահայտումից հետո նման քայլը տրամաբանական կլիներ։

lragir.am

Please enter a valid URL