ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության դիմաց երկու և ավելի անձանց, այդ թվում՝ հիշյալ համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 2022թ. մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն էր հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դատասխոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ, ինչի առթիվ հարուցվել էր քրեական գործ:
Քննությամբ պարզվել է, որ Ավետիք Չալաբյանը, հանդիսանալով ընդդիմության կողմից կազմակերպված շարժումների ակտիվ անդամ և նպատակ ունենալով իրականացվող հավաքներին, անհնազանդության ակցիաներին, ցույցերին ապահովել բազմամարդություն և այդ կերպ լայն շրջանակներ ներգրավելու համար նյութական շահագրգռվածության դիմաց մասնակից դարձնել նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին, նույն համալսարանի դասախոսներից մեկի և այլ անձի հետ նախնական համաձայնությամբ, 2022թ. մայիսի 4-ին նախաձեռնել և հանդիպել է ուսխորհրդի նախագահի հետ՝ առաջարկելով մոբիլիզացնել շուրջ 2000 ուսանողի, որի դիմաց առաջարկել է տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար, յուրաքանչյուր ուսանողի համար՝ 1000 ՀՀ դրամ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոսին և Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Նախաքննությունն ավարտել է և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: