Search
Close this search box.

Ո՞վ է եղել 44-օրյա պատերազմի պատասխանատուն. Պապիկյանի պատասխանը

2022թ–ի փետրվարի 24-ից ՀՀ ԶՈւ ԳՇ պաշտոնը թափուր է։ Պաշտպանության նախարարը ներկայացրել է հարցի օրենսդրական կարգավորման առաջարկը։

Տարիներ շարունակ Հայաստանում մեկ գերատեսչության ներքո կենտրոնացել են երկու տարբեր ինստիտուտներ։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսպես ներկայացրեց ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնին վերաբերող կարգավորումների նախագծի անհրաժեշտությունը։
«Դա խաթարում է մեր երկրի պաշտպանության, ԶՈւ համակարգի արդյունավետ կառավարումը և լրացուցիչ բյուրոկրատական և այլ խնդիրներ է առաջացնում»,– ասաց նախարարը։

Այս համատեքստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը հարց բարձրացրեց, թե իրավական նոր կարգավորման դեպքում պատերազմի պարագայում ո՞ր պաշտոնյան է լինելու պատասխանատուն, և ո՞վ է ղեկավարել 44-օրյա պատերազմը։

«Ամեն մեկն իր վրայից գցում էր այդ պատասխանատվությունը, և վերջում մեղավորը, փաստորեն, պարզվեց, որ վարչապետն է։ Հիմա ես ուզում եմ հասկանալ` եթե ԳՇ պետը դառնում է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, պատերազմի դեպքում պատասխանատվությունն ո՞ւմ վրա է ընկնում»,– ասաց պատգամավորը։
Պապիկյանը պատասխանեց, որ թե՛ գործող, ու թե՛ նոր օրենքով յուրաքանչյուր պաշտոնյա պատասխանատու է իր մասով, բայց քաղաքական պատասխանատուն պաշտպանության նախարարն է։

Ինչ վերաբերում է առաջարկող նոր կառուցվածքային փոփոխություններին, Պապիկյանը շեշտեց, որ դրանց ընդունումից հետո ԳՇ պետն առանձին ստորաբաժանման ղեկավար չի լինելու։

Արցախյան հարցում Փաշինյանն ու թիմակցիները հրաժարվել են իրենց դրույթներից. ադրբեջանագետ
«ԳՇ պետն առանձին ստորաբաժանման ղեկավար չէ, պարզապես ենթակա մարմնի ղեկավար է։ Այդ ամենը պետք է բոլորի համար պարզ լինի` վերից վար»,– ասաց Պապիկյանը։
Նախարարը նշեց նաև, որ ՀՀ ԶՈւ նոր կառուցվածքային մոդելի համար հիմք է ընդունվել Ռուսաստանի ԶՈւ կառուցվածքը։
«Մենք ՌԴ մեր գործընկերների հետ 1.5 տարի աշխատել ենք մեր նոր կառուցվածքի վրա, ու այս օրենքից բխելու է մեր նոր կառուցվածքը»,– ասաց Պապիկյանը։
Հանձնաժողովում քննարկման արդյունքում կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթն ստացավ դրական եզրակացություն ու առաջիկայում կքննարկվի ԱԺ–ում։

Հունիսի 6-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ կնշանակվի միայն ՊՆ–ում կառուցվածքային փոփոխություններ անելուց հետո։
Բանակի կառավարման նոր մոդելով, ըստ նրա, նախատեսվում է, որ ԳՇ պետը լինելու է պաշտպանության նախարարի առաջին տեղակալը։
Պապիկյանը հայտնել էր, որ նոր օրենսդրական փաթեթը երկար ժամանակ շրջանառվել է կառավարությունում ու առաջիկայում կներկայացվի ԱԺ։

Հիշեցնենք, որ 2022թ–ի փետրվարի 24-ից ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնը մնում է թափուր։ Այդ օրը Արտակ Դավթյանն արդեն երկրորդ անգամ ազատվել էր ԳՇ պետի պաշտոնից։ Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2021-ի մարտի 22-ին՝ փոխարինելով Օնիկ Գասպարյանին։ Իսկ մինչ այդ Դավթյանը ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրել էր նաև 2018-ի մայիս-2020-ի հունիսն ընկած ժամանակահատվածում։

Please enter a valid URL