Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը, ով պարբերաբար պահանջում է հետ բերել Արծվաշենը, ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Չե՞ս ուզում, թե՞ չես կարող»,- ասում էր ընկերոջս հայրը, երբ սեղանակիցներից մեկն այլևս հրաժարվում էր խմիչքից:
Կարծես՝ փակուղի տանող հարցադրում է: Սակայն, այդքան էլ այդպես չէ. եթե շատ ես ուզում, ապա միանշանակ կարող ես: Հենց դա էր ընկերոջս հոր սպասված պատասխանը: Մնացած պատասխանները պարտվողական բնույթ էին կրում:
Շուրջ 30 տարի է, ինչ ադրբեջանցիները վայելում են Արծվաշենը:
Շուրջ 30 տարի է, ինչ մենք որևէ կերպ չենք պատասխանել հիմնական հարցին, այն է՝ մենք Արծվաշենը չե՞նք ուզում, թե՞ չենք կարող հետ բերել: Ընկերոջս հոր նույն տրամաբանությամբ, եթե ուզենանք, ապա օրերից մի օր անպայման հետ կբերենք:
Իսկ, արդյո՞ք մենք ուզում ենք, թե՞ համակերպվել ենք «չկարողանալու» հետ:
Արծվաշենը ոչ ոք հենց այնպես մեզ չի տալու: Ո՛չ ադրբեջանցիները, ո՛չ ռուսները, ո՛չ էլ դելիմիտիզացիան ու դեմարկացիան: Բոլորն ապացույցներ են սպասում առ այն, որ մենք ուզում ենք Արծվաշենը: Իսկ ի՞նչը կարող է հանդիսանալ ապացույց: Արծվաշենի վերաբերյալ տարբեր ձևաչափերով ամենօրյա հիշատակումներն ամենածանրակշիռ ապացույցն է: Եթե ուզում ենք, ապա կարող ենք: Հակառակ դեպքում, եկեք խոստովանենք, որ չենք ուզում, կամ էլ՝ համակերպվել ենք չկարողանալու հետ:
Նկարում Արծվաշենն է: Շատ հաջողված նկար է: