Ադրբեջանցիները մեծ արագությամբ շարունակում են նոր ճանապարհի կառուցումը, որը ՀՀ-ն պետք է որ միացնի Արցախի հետ։
Հիմա թշնամու շինարարական խմբերը աշխատում են Բերդաձորի Մեծշեն գյուղի տարածքում, որտեղ քանդել են նաև ճանապարհի կողքի մի քանի տներ։
Այսօր ինձ զանգահարեց Մեծշենի բնակիչ, Արցախի երեք պատերազմների մասնակից, հաշմանդամ, մարտական խաչի ասպետ Վարուժան Նասիբյանը՝ նշելով, որ իր տունը ևս ուզում են քանդել, սակայն ինքը դեռևս կարողանում է դիմադրել, թույլ չտալ, հողին հավասարեցվի իր սեփականությունը։
Վարուժանն ասում է՝ եթե կա գերակա շահ, և ամեն դեպքում Մեծշենով պիտի կառուցվի ճանապարհը, ապա ինքը պահանջում է իր տան փոխարեն նույն գյուղում՝ մոտակա թույլատրելի տարածքում կառուցել նոր տուն, սակայն պատասխանատու մարմինները որևէ հստակ պատասխան չեն տալիս, չեն երաշխավորում, որ Վարուժանը չի դառնա ևս մեկ տեղահանված՝ այս անգամ ոչ թե թշնամու, այլ հայրենակիցների ձեռքով։
Մեծշենում քանդման ենթակա է ճանապարհի կողքի 5 տուն, որոնք 500-ամյա եկեղեցու հարևանությամբ են։ Ադրբեջանցիները ի սկզբանե ցանկացել են եկեղեցին քանդել և լայնացնել ճանապարհը, սակայն տեղացիների պայքարի շնորհիվ հնարավոր է եղել պահպանել կառույցը։ Փոխարենը հարվածի տակ են ընկել բնակելի տները։ Քանդվել են 4 տները, Վարուժան Նասիբյանի դիմադրության արդյունքում դեռևս կանգուն է միայն նրա տունը։ Վարուժանը հենց Մեծշենում տուն է ուզում իր քանդվող տան փոխարեն։
Հայկական կողմը շտապում է օր առաջ քանդել տները և հարմար պայմաններ ստեղծել նոր ճանապարհի կառուցման համար։ Հստակ երևում է, որ կան ժամկետներ՝ պայմանավորված Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ կրկին սովորական մարդկանց հաշվին։
Լրագրող Նաիրի Հոխիկյան