Տեր Հովհաննես Մաթևոսյանը, որը հոգևոր ծառայություն է մատուցում Խաչիկ գյուղում, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ թշնամու երեկվա կրակոցներից հետո գյուղում կյանքը բնականոն հունով գնում է.
«Սիրելինե՛րս, որպեսզի բոլորիդ անհատապես չպատասխանեմ. Խաչիկում կյանքը բնականոն հունով գնում է»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ երեկ՝ ժամը 8:30-ի սահմանում, հակառակորդը մոտ 10 րոպե ինտենսիվությամբ կրակ է բացել Խաչիկ վարչական շրջանի ուղղությամբ, ինչի արդյունքում վնասվել է վարչական շրջանի ղեկավարի Նիվա մակնիշի մեքենան։
Ավելի ուշ ՊՆ-ն հաստատել էր լուրը՝ տեղեկացնելով, որ հուլիսի 4-ին՝ ժամը 21։15-ի սահմանում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր, այդ թվում՝ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է համայնքի ղեկավարի ավտոմեքենան։