Search
Close this search box.

Չեմ հասկանում ՊՆ-ի լռությունը, սպասում եմ, որ կասեն՝ Հրաչը կռվել է թուրքի դեմ ու զոհվել. զոհված Հրաչ Փիլիպոսյանի հայր

Ժամկետային զինծառայող Հրաչ Փիլիպոսյանի զոհվելուց 17 օր անց էլ հայրը՝ Վաչիկ Փիլիպոսյանը, հստակ չգիտի, թե հունիսի 18-ին, մարտական դիրքում ինչ հանգամանքներում է զոհվել 20-ամյա որդին։

«Ես հերոս տղա եմ տվել, պահանջս այն է, որ գային, ցավակցեին, ասեին՝ քո տղան հերոս է, չի վախեցել, չի թաքնվել։ Իմ երեխեն թաքնվող տեսակ չէր, էն հոգեբանությունն ու դաստիարակությունը չուներ, որ թաքնվեր։ Չեմ հասկանում Պաշտպանության նախարարության լռությունը, սպասում եմ, որ կասեն՝ Հրաչը կռվել է թուրքի դեմ ու զոհվել, ուրիշ բան չեմ սպասում»,- «News.am»-ի հետ զրույցում ասել է Վաչիկ Փիլիպոսյանը։

Վարդենիսի ուղղությամբ հակառակորդի կրակոցների հետևանքով զոհ ունենալու մասին «News.am»-ին հայտնել էր Վարդենիսի ավագանու «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը: Պաշտպանության նախարարությունն այդպես էլ հաղորդագրություն չի տարածել հակառակորդի կողմից մահացու վիրավորում ստացած Հրաչ Փիլիպոսյանի զոհվելու մասին։ Օրեր անց՝ հունիսի 23-ին, Քննչական կոմիտեն հաղորդել է, որ Հրաչ Փիլիպոսյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ։

Հրաչը Արագածոտնի մարզի Բյուրական համայնքից էր։ Նրան զինվորական կարգով հողին են հանձնել հունիսի 21-ին, հայրենի գյուղում։

«Քննիչի հետ եմ երկու բառ խոսել, բայց հստակ բան ինձ չի ասել։ Քննիչն ասաց, թե քննություն է տարվում, ոչ մի բան չի թաքցվելու, ճշմարտությունն իմանալու ենք, իսկ եթե հանկարծ ինչ-որ մեկը մեղավոր լինի, նա պատժվելու է։ Քննիչին ասացի՝ երբ զինվորների հետ զրուցել եք, ի՞նչ եք հասկացել, ասաց՝ իմ վարկածն այն է, որ թշնամու գնդակից է զոհվել Հրաչը։ Ինձ այսքան բան է ասել։ Պաշտպանության նախարարությունից զանգ չեմ ստացել, նրա հուղարկավորությանը ՊՆ-ից մարդիկ կային, մոտեցել էին ինձ, ես սիրտ չունեի, չէի կարողանում խոսել։

Ինձ Հրաչի զոհվելու հանգամանքների մասին ոչ մի բան չասվեց, ես էլ միայն ասացի՝ հայրենիքին էսպիսի երեխա տվեցի, էս ի՞նչ եղավ գանձիս հետ։ Զինծառայողների հետ զրույցներից եմ իմացել, որ Հրաչը եղել է թշնամու կողմից աննկատ մասում, կապ են տվել, որ շարժ կա, ասել են՝ Հրաչ, սպասիր, խոսեմ շտաբի հետ, բարձրանամ պոստ, Հրաչը չի սպասել ու պոստ է վազել»,- պատմել է Հրաչի հայրը և հավելեց, որ լսել է, թե Հրաչին դժվարությամբ են իջեցրել, որովհետև թշնամին շարունակել է կրակոցները։

Ըստ Վաչիկ Փիլիպոսյանի՝ Հրաչը սրտի և գլխի շրջանում է մահացու վիրավորում ստացել։ Հայրը համոզված է, որ որդին ծառայության 11 ամիսների ընթացքում որևէ խնդիր չի ունեցել ծառայակիցների հետ։

«Ես հստակ գիտեմ, որ տղաս բանակային կյանքում ոչ մեկի հետ վիճաբանություն չի ունեցել, դաստիարակված տղա էր, գնացել էր ծառայելու, ուսման պատճառով մեկ տարի ուշ գնաց ծառայության, անընդհատ գնում էր զինկոմիսարիատ, ասում՝ ինձ բանակ տարեք։ Չի եղել դեպք, երբ նեղվի, զանգի ինձ, ասի՝ չեմ կարողանում ծառայել, երբ զանգել է՝ միշտ գոհ է եղել։ Ինքը էն երեխան չէր, որ կարող է իր հետ խնդիր առաջանար։ Իմ հավատն այն է, որ թշնամու գնդակից է տղաս զոհվել, ուրիշ մարդ չէր կարող իմ երեխային խփել, ես համոզված եմ դրանում և այդ հույսով էլ ապրում եմ»,- ասել է Վաչիկ Փիլիպոսյանը։

Հրաչի հետ հայրը վերջին անգամ խոսել է հունիսի 18-ին, 21։30-ի սահմանում։ Հրաչը բարձր տրամադրություն է ունեցել.

«Ասաց՝ հաց ուտենք, ավելի ուշ կզանգեմ, կխոսենք։ Իսկ առավոտյան արդեն իմացանք դեպքի մասին»։

20-ամյա Հրաչը դիրքերից մի քանի օր առաջ էր իջել, պետք է 14 օր մնար, բայց 7-րդ օրը լրանալուց հետո նրան կրկին ուղարկել էին դիրք՝ 7 օրով, խոստացել էին՝ արձակուրդի տեսքով խրախուսում կստանա։

«Էս անգամ էլ ասին՝ գնա դիրքեր, կխրախուսենք, էլի կգնաս արձակուրդ, էն էլ երեխաս գնաց, հետմահու խրախուսեցին»,- ասել է հայրը։

Հուլիսի 30-ին Հրաչի ծառայության մեկ տարին է կլրանար։ Հոր խոսքով՝ ծառայության 8 ամիսները Հրաչն անընդհատ դիրքերում է եղել։ Նա Ճամբարակում էր ծառայում։ Ծառայության 11 ամիսների ընթացքում Հրաչը երկու անգամ արձակուրդ էր եկել։ Վերջին անգամ ապրիլին էր տանը եղել, հասցրել էր նաև «Եռաբլուր» այցելել։

Հրաչը Երևանում ստացել էր ավտոէլեկտրիկի մասնագիտացում, նպատակ ուներ բանակից հետո ավտոսպասարկման կետ բացել ու հոր հետ աշխատել։

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Հրաչ Փիլիպոսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։

Հրաչի՝ հետմահու պարգևատրվելու մասին, ծնողները համացանցից են տեղեկացել։

«Ո՛չ զանգ եմ ստացել, ո՛չ էլ եկել են մեդալը հանձնել»,- ասել է Վաչիկ Փիլիպոսյանը։

Please enter a valid URL