Search
Close this search box.

Ինչ է անում Փաշինյանը Հայաստանի հետ

Սկսեմ նրանից, թե ինչ է ասել հանճարեղ Թալեյրանը՝ աշխարհի ժողովուրդները կսարսափեն իմանալով, թե ինչ ոչնչություններ են կառավարում իրենց։

Ես չգիտեմ, թե Թալեյրանը կոնկրետ ինչ նկատի ուներ, բայց հիմա հայտնի է, որ իշխանության մեջ ոչնչությունների (ոչ պրոֆեսիոնալների) սերմանումը աշխարհի ժամանակակից կառավարման հիմնական գործիքն է։

Մի ռուս ակադեմիկոս պատմել է, որ Հարավսլավիայում, Իոսիֆ Բրոզ Տիտոյի օրոք, գնդակահարել են բարձր պաշտոնյայի, ով օտարերկրյա գործակալ էր։ Գնդակահարել են ոչ պրոֆեսիոնալներին պաշտոններում նշանակելու համար։ Ընդ որում, նկատեք, որ այդ գործակալը չէր կարող բարձր պաշտոններում նշանակել, քանի որ դրանով զբաղվել է ինքը Բրոզ Տիտոն։ Խոսքն, իհարկե, նախարարներից ցածր մակարդակի պաշտոնյաների նշանակման մասին էր։

Դա երբեք չեն հասկացել նոր Հայաստանում, բայց աշխարհում վաղուց գործում է մի կանոն՝ թշնամու երկրում պաշտոն տուր անգրագետներին, և դու արդեն հաղթել ես պատերազմում։

Հիմա տեսնենք, թե ինչ է անում Փաշինյանը։

Փաշինյանի օրոք չկար պրոֆեսիոնալիզմի նկատառումներով նշանակված ոչ մի նախարար։ Ոչ մի դեպք չի եղել, երբ պաշտոնի հավակնողին հարցրել են, թե ինչպես է տեսնում ոլորտի զարգացումը։ Ոչ մի դեպք չի եղել, երբ հարց է քննարկվել՝ կա արդյոք մեկ այլ թեկնածու, ով տասը, հազար անգամ ավելի լավ է, քան նա, ում նշանակել են։ Բայց կան մեծ թվով դեպքեր, երբ պաշտոնի են նշանակել ոչ պրոֆեսիոնալների։ Այստեղ հետաքրքիր է նաև բարոյական մոտեցումը՝ հավասարապես մեղավոր է և պաշտոնի նշանակողը, և նրանք, ովքեր համաձայնվում են, հասկանալով որ չեն համապատասխանում դրան։ Ես ճանաչում եմ բազմաթիվ մասնագետների, ովքեր, միևնույն ժամանակ, արժանի մարդիկ են։ Եվ չեմ կարող պատկերացնել, որ նրանցից որևէ մեկը համաձայնի ղեկավարել այն ոլորտը, որից գաղափար չունի։

Ամենից աղաղակող դեպքերից են՝ Խաչատրյանի (տնտեսագետ) նշանակումը բարձր տեխնոլոգիաների նախարար և Պապիկյանի (դպրոցի պատմության ուսուցիչ)՝ ռազմական նախարար, միաժամանակ նաև ԵՊՀ համակարգող (գիտության և կրթության ոլորտում ամենաբարձր պաշտոններից մեկը)։

Արդյունքում ԵՊՀ ռեկտոր դարձավ «աստվածաբանը»: Մղձավա՛նջ է։ Բայց դա էլ քիչ թվաց իշխանություններին։ Պատկերացրե՛ք, թե ԵՊՀ-ում ո՞ւմ նշանակեցին զարգացման և նորարարությունների համակարգող։ Նշանակեցին արաբագետի։ Այժմ երկրի գլխավոր համալսարանում տնօրինում են դպրոցական ուսուցիչը, աստվածաբանը և արաբագետը։ Ինչպե՞ս եք որակում այս ամենը։ Եվ դա մի երկրում, որտեղ ավագ դպրոցի ցանկացած առաջադեմ աշակերտ հասկանում է, որ անթույլատրելի է պատերազմող երկրում նման համալսարան ունենալ։

Հին իշխանություններն ավելի լավը չէին։ Ակադեմիայի նախագահ էին նշանակել գիտությամբ ոչ մի րոպե չզբաղված մարդուն։ Եվ (սա արդեն ֆանտաստիկայի ոլորտից է) նրան ընտրել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս՝ անարգանք և գիտության, և երկրի համար: Գիտության նախարարությունում գիտության զարգացման բաժին են բացել ու ղեկավար նշանակել… մանկապարտեզի նախկին տնօրենի։

Հետաքրքիր է, որքա՞ն կվճարեր Ալիևը Հայաստանում նման իրավիճակ ստեղծելու համար։

Վերադառնանք Փաշինյանին։ Դուք գիտե՞ք, թե ինչ է Ֆլետչերի դպրոցը: Այցելեք կայք և տեսեք։ Կա տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մի երկար ցուցակ, որոնք ավարտել են այս դպրոցը։ Ընդ որում, խոսքը ոչ թե սովորական կրթության մասին է, այլ որոշակի առաքելությամբ «անհրաժեշտ կադրերի» պատրաստման դասընթացների մասին (մի շփոթեք կանոնավոր կամ համալսարանական կրթության հետ)։ Այսօր բոլորը խոսում են Սորոսի մասին և ոչ ոք՝ Ֆլետչերի դպրոցի մասին: Մինչդեռ դա նույնն է (գուցե ֆինանսավորումը տարբեր)։ Այժմ «հիմնական նիկոլականների» կենսագրությունները բացեք։ Բոլորը հպարտությամբ նշում են, որ իրենք արտասահմանյան կրթություն ունեն (Ֆլետչերի դպրոց)։ Դա նման է խոստովանության, որ նրանք օտարերկրյա գործակալներ են։ Բայց ժողովուրդը դա դեռ չի հասկանում։

Կանցնի մի քանի տարի, կմոռացվեն այսօր քննարկվող բոլոր խնդիրները, և կգա հստակ ըմբռնում, թե որն է Փաշինյանի գլխավոր մեղքը։ Նրա մեղքը երկրի մղձավանջային ղեկավարության ստեղծման մեջ է, որտեղ ոչ պրոֆեսիոնալիզմը չափազանց է։

Իշխանությունների պրոֆեսիոնալիզմի հարցը բարձրացրել է մասնագետների մեր Խորհրդը։ (Հիշեք այս թեմայի վերաբերյալ գոնե մեկ հրապարակում, նախքան մեր կողմից բարձրաձայնելը):

Բարեբախտաբար, այսօր պրոֆեսիոնալիզմը համընդհանուր պահանջ է դարձել։ Նույնիսկ դաշնակները, ռոբականներն ու սերժականները, որոնք միշտ անտեսում էին պրոֆեսիոնալիզմը, այսօր նման պահանջներ են հնչեցնում։ Բայց նրանք բոլորն էլ չունեն նույնիսկ չնչին պատկերացում, թե ինչ են ասում։ Օրինակ՝ առաջ են քաշում մի քանի արտիստների, լրագրողների, իրավաբանների և այլն ու հայտարարում, որ դրանք իրենց պրոֆեսիոնալներն են, ովքեր կառավարելու են Հայաստանը։ Իրո՞ք։ Այս ըմբռնումով դուք ավելի շուտ կարող եք ոչնչացնել երկիրը:

Մինչդեռ գլխավոր քայլն արված է։ Հասկացան, որ նրանից, թե ինչպես ենք օգտվում մասնագետների ներուժից, կախված է ապագան:

Այժմ սկսվում է նոր փուլ։ Պետք է հասկանալ, թե ինչ է պրոֆեսիոնալիզմը և ինչպես այն գնահատել։

Ես այս թեմայով մի շարք հոդվածներ եմ գրել, բայց իշխանությունը ուշադրություն չի դարձնում։ Պատճառը պարզ է։ Իշխանությունն ամենուր ոչ պրոֆեսիոնալների է նշանակել, և նրան չափազանց ձեռնտու չէ պրոֆեսիոնալիզմի մասին խոսելը, քանի որ պետք է անմիջապես հեռացնի ոչ պրոֆեսիոնալներին բազմաթիվ պաշտոններից (որոնց իշխանությունն ինքն է սիրահոժար ու տարիներ շարունակ սերմանել)։ Իհարկե, իշխանությունը չի գնա դրան։

Հիմա կոնկրետ այն մասին, թե ինչպես է հարկավոր պրոֆեսիոնալիզմ մտցնել երկրի կառավարման մեջ։

Անհրաժեշտ է սկսել գիտությունից և տեխնոլոգիաներից։ Ինչո՞ւ։

Դրանից է, 90 տոկոսով, կախված երկրի ապագան։
Այստեղ ամեն ինչ պարզ է՝ բոլոր տվյալները կան համացանցում, պարզապես վերցրու և օգտագործիր:
Իրավիճակն այստեղ այլանդակ է՝ գլխավոր պաշտոններ զբաղեցնող պաշտոնյաների մեծ մասին (ակադեմիկոսներ և Կոմիտեի աղջիկ-տղաներ) անձամբ ձեռնտու է քաոսը գիտության մեջ։ Նրանք այդ պաշտոնները զբաղեցնելու ոչ մի հիմք չունեն, և նրանց պաշտոնավարումը արդարացված է միայն համատարած տգիտության ու քաոսի պայմաններում։
Ինչ անել։ Ընդամենը երկու քայլ։ Քայլ 1՝ ի հայտ բերել իսկապես առաջադեմ գիտնականներին։ Քայլ 2՝ նրանց վստահել գիտության ու տեխնոլոգիաների կառավարումը, այսինքն բոլոր որոշումները, տարբեր հանձնաժողովների ստեղծումը պետք է իրականացվեն առաջադեմ մասնագետների կողմից: (Երբ առաջին քայլը կատարված է, երկրորդը կատարվում է ինքնաբերաբար)։

Այսպիսով, ամեն ինչ կախված է իսկապես արժանի մասնագետների ընտրությունից (քայլ1):

Վաղուց պետք էր իմանալ պարզ ճշմարտությունը՝ մասնագետի աշխատանքների գնահատման միակ չափանիշը նման տրամաչափի այլ մասնագետների կարծիքն է։ Առաջադիմականությունը ոչ ամսագրերի վարկանիշներն են որոշում, ոչ տարբեր տեսակի գործակիցները, որոնք փորձում են ներդնել սորոսա-ֆլետչերականները, այլ նմանատիպ տրամաչափի մասնագետների կարծիքները: Ընդ որում, կարծիքները պետք է վերցված լինեն գիտական տեղեկատվության պաշտոնական աղբյուրներից։

Վերջինը շատ կարեւոր է։ Պետք է պարզապես երեխա լինել, լրջորեն վերաբերվելու համար այն ամենին, ինչ գրել է ենթական պետի մասին, կամ հաշվի առնել հոբելյանական կենացները՝ որպես արժանիքների վկայություններ։

Այսպիսով, ամեն ինչ կախված է առաջին քայլից՝ ի հայտ բերել իսկապես առաջադեմ գիտնականների։ Դա շատ հեշտ է՝ բոլոր տվյալները կան համացանցում։ Ամեն ինչ հստակ է և պաշտոնապես։ Մեկ շաբաթվա ընթացքում կարելի է բացահայտել երկրում առավել առաջադեմ մասնագետների ցանկը, և մեկ ամսվա ընթացքում կարելի է խոսել գիտության ու տեխնոլոգիաների առողջ համակարգի մասին:

Հասկանալու համար, թե որքան հեռու ենք այժմ առողջ համակարգից, կառաջարկեմ լրագրողներին հարցնել ակադեմիայի նախագահության անդամներին և աղջիկ-տղաներին գիտության մեջ իրենց ձեռքբերումների մասին։ Թող ցույց տան գոնե մեկ դեպք, երբ գիտական տեղեկատվության պաշտոնական աղբյուրներում նրանց աշխատանքների մասին ասվում է, որ դրանք հետաքրքիր են։

Նկատեք «հետաքրքիր» – ը դա միայն առաջին մակարդակն է։ Հաջորդները, ըստ աճման հետևյալ մակարդակներն են՝ ստեղծել է մեթոդ, սկզբունք, ստացել է հիմնարար արդյունք, ստեղծել է ուղղություն (այդիսիք հարյուր անգամ ավելի քիչ են), ստեղծել է տեսություն (այդիսիք հազար անգամ ավելի քիչ են)։

Կասկածում եմ, խիստ կասկածում եմ, որ ակադեմիայի նախագահության անդամներն ու աղջիկ-տղաները «հետաքրքիր» բան ցույց կտան։ Եվ եթե հարյուրավոր նման պաշտոնյաների մեջ ինչ-որ մեկը հանկարծ «հետաքրքիր» բան ցույց տա, հարցրեք նրանց, թե ինչու են նրանք անտեսում տեսություններ ստեղծողների առաջարկները։

Հետաքրքիր կլինի տեսնել, թե նրանք ինչպես պիտի խուսանավեն և դուրս գան դրությունից: Նրանց վերջին հույսը լինելու է Փաշինյանը, ով կանգնած է ոչ պրոֆեսիոնալ մարդկանց հետևում։

Փաշինյանը անհասանելի է մասնագետների համար։ Եթե ինչ-որ մեկը մոտ է նրան, պատմեք այս ամենի մասին։ Այդ դեպքում գոնե կհասկանանք, Փաշինյանը դա անում է պարզապես ելնելով իր մարդկանց ամենուր տեղավորելու ցանկությունից, թե սորոսա-ֆլետչերականների ճնշման տակ։

Գրիգոր Բարսեղյան, Հայ մասնագետների Խորհրդի նախագահ, գիտությունների դոկտոր, Մարի Կյուրիի անվան միջազգային գիտական մրցանակի դափնեկիր

Please enter a valid URL