ՌԴ Բելգորոդ քաղաքում, որը գտնվում է Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանի մոտ, մի քանի պայթյուն է որոտացել, ըստ լրատվամիջոցների և ականատեսների, գրում է BBC-ն։ Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ երեք մարդ է մահացել, եւս չորս մարդ տուժել է, նրանցից երկուսը տեղափոխվել են հիվանդանոց, այդ թվում 10-ամյա երեխա։
Նահանգապետը սակայն չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել: Նրա խոսքով՝ Բելգորոդում մասամբ ավերվել է 11 բազմաբնակարան շենք և ավելի քան 30 առանձնատուն, ամբողջությամբ ավերվել է հինգ առանձնատուն։ Երեք մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել։
Սոցցանցերում տեղեկություններ են տարածվել, որ քաղաքում պայթյուններ են լսվել, աշխատել է հակաօդային պաշտպանության համակարգը։ Սոցցանցերում ենթադրություններ են եղել նաև հակաօդային պաշտպանության զորավարժությունների, Ուկրաինայի տարածքից քաղաքի գնդակոծման մասին։
Նշենք, որ ուկրաինական հատուկ ծառայությունները եւ ռուսական ինսայդերական աղբյուրները չեն բացառել, որ ՌԴ հատուկ ծառայությունները կարող են պայթյուններ ու սադրանքներ կազմակերպել Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններում, մեղքը ուկրաինական կողմի վրա դնելու համար։ Դրա նպատակը ռուսական բանակի կողմից ուկրաինական խաղաղ բնակավայրերի եւ բնակչությանը թիրախավորելու «հակակշիռ» ստեղծելն է, իսկ ավելի լայն առումով՝ ՌԴ-ում համընդհանուր մոբիլիզացիայի ու ռազմական դրության անցնելու նախապատրաստությունը։