ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության հիման վրա նախապատրաստված նյութերով նախաձեռնվել է քրեական վարույթ, այս մասին Aysor.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:
Նախաձեռնվել է վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածի հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին) և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ արդարադատության կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացումը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը կամ գործի քննությունը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի կամ ներկայացուցչի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը)։
Հիշեցնենք՝ Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը լրագրողների հետ հանդիպմանը բացառիկ ձայնագրություն էր հրապարակել իր, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։
Ըստ այդ ձայնագրության՝ Ջհանգիրյանը «համոզում է» Վարդազարյանին հրաժարական ներկայացնել, իսկ հրաժարական տալու դիմաց Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը կարճվելու են, և նա մնալու է ԲԴԽ-ում՝ որպես խորհրդի անդամ:
Ձայնագրությունում Գագիկ Ջհանգիրյանը քաղաքական հայտարարություններ էլ է անում։ Նա ասում է, թե չի ցանկանում, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հետ գա։
Հանրային հեռուստաընկերության եթերում Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել է, թե զրույցի սկզբի 15-20 րոպեից հետո ինքն արդեն գլխի էր ընկել, որ Վարդազարյանն իրեն ձայնագրում է։
Ջհանգիրյանը նշել է նաև՝ եթե ամբողջական ձայնագրությունը Ռուբեն Վարդազարյանը ներկայացնի, ապա դա նրա համար լուրջ հետևանքներ կարող է ունենալ։
Նա նշել է, որ հանդիպումը տևել է 2 ժամից ավելի. «Ես վստահ եմ՝ առաջին իսկ վայրկյանից այդ ձայնագրությունը կա, ուղղակի այդ 14 րոպեն ծաղկաքաղ է արված»:
Գագիկ Ջհանգիրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը մերժվել էր:
Երեկ ԲԴԽ-ն հայտնեց, որ Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել: