Search
Close this search box.

Ճանապարհի նախագիծն արդեն պատրաստ է, հայկական կողմը մտադիր է մեր հատվածում սկսել Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցումը. Տեղ համայնքի սահմանի շուրջ 62կմ ադրբեջանցիներն են կանգնած

Հայկական կողմը մտադիր է մեր հատվածում սկսել Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցումը:

Սյունիքի Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը «Փաստինֆո»-հետ զրույցում հայտնեց, որ նոր ճանապարհի կառուցման հարցով զբաղվող հանձնաժողովը երթուղու հետ կապված մի քանի անգամ քննարկումներ է անցկացրել համայնքապետարանի հետ.

«Ճանապարհի նախագիծն արդեն պատրաստ է, երևի օգոստոսի մեկից կսկսվեն աշխատանքները, մեր համայնքի, նախարարության հետ են քննարկել, հատվածներ կան, որ մարդկանց սեփական հողերն են, ճանապարհը կառուցելիս պետք է վնաս չտան դրանց»,-ասաց համայնքապետը:

Հստակեցնող հարցին, թե ի՞նչ հանձնաժողով է, արդյո՞ք կառավարությունից ներկայացուցիչներ կան ներգրավված, զրուցակիցն ասաց՝ կառուցվելիք ճանապարհի նախագծի հեղինակներն են, ովքեր համագործակցում են նաև կառավարության հետ:

Մեզ հետ զրույցում Դավիթ Ղուլունցը կարծիք հայտնեց, թե նոր ճանապարհի կառուցմամբ սահմանամերձ համայնքները կարող են շահել.

«Հայկական կողմից կառուցվող ճանապարհը միջպետական ճանապարհ կդառնա, ժողովուրդն իրենց բերքն ու բարիքը կվաճառեն»,-ասաց նա։

Ինչպես հայտնել ենք , Ադրբեջանն վաղուց է մեկնարկել Բերձորը շրջանցող նոր ճանապարհի կառուցումը: Տեղ համայնքի ղեկավարը հայտնեց, որ Ադրբեջանի կողմից կառուցվող ճանապարհն անցնելու է նաև իրենց համայնքի ներքևի հատվածով.

«Հիմա ճանապարհն անցնում է Աղավնոյի միջով, Ադրբեջանի կողմից կառուցվող այդ ճանապարհը պետք է գա Կոռնիձորի, Տեղ համայնքի տակի հատված ու շարունակվի»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսի ընթացքում հաստատել է, որ Բերձոր, Աղավնո համայնքները Ադրբեջանի կողմից կառուցվող Բերձորը շրջանցող ճանապարհի շահագործումից հետո հայտնվելու են Ադրբեջանի վերահսկողության տակ: Տարբեր փորձագետներ ահազանգում են, որ այս տարածքների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո ադրբեջանական զորքերը հայտնվելու են Տեղ համայնքի սահմանին:

Մեզ հետ զրույցում Դավիթ Ղուլունցը, սակայն, նշեց, որ սահմանին որևէ փոփոխություն չի լինի, քանի որ իրենց համայնքը հիմա էլ է սահմանամերձ, սահմանի շուրջ 62կմ-ով ադրբեջանցիներ են կանգնած.

«Տեղը Հայաստանի միակ համայնքն է, որի 7 գյուղն էլ սահմանապահ են, մնում է սահմանազատում անեն, ամեն մարդ իմանա՝ ո՞րն է իր տարածքը»,-ասաց նա:

Մեզ հետ զրույցում համայնքապետը վստահեցրեց, որ չնայած ստեղծված անորոշ իրավիճակին, բնակիչների մոտ անհանգստություն չկա.

«Մտահոգվելու խնդիր չկա, Տեղ գյուղի բնակիչներն իրենց բնական հունով ապրում են, իրենց գործն անում են»,-ասաց նա:

Please enter a valid URL