Search
Close this search box.

«Փաստ». Քաղաքական ճգնաժամի նոր փուլ՝ խորհրդարանական ճգնաժամ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ քպականներն իրենք իրենցով ԱԺ նիստ արեցին, քվեարկեցին և, ըստ այդմ, դադարեցրին Իշխան Սաղաթել յանի և Վահե Հակոբյանի՝ ԱԺ նախագահի տեղակալի և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները: Դրան հաջորդեց Արմեն Գևորգյանի հայտարարությունը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացնելու մասին:

Այնուհետև ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հրաժարական ներկայացրեց պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից՝ Հայկ Մամիջանյանը, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից՝ Արթուր Խաչատրյանը։ Մի խոսքով, ընդդիմության պատասխանը չուշացավ, ու փաստացի խորհրդարանական գրեթե բոլոր պաշտոններից նրանք հրաժարվեցին (բացառությամբ Թագուհի Թովմասյանի):

ՔՊ-ն երեկ նշում էր, որ եթե ընդդիմադիր խմբակցությունները սահմանված ժամկետում ԱԺ փոխնախագահի և մշտական հանձնաժողովների նախագահների համար նոր թեկնածուներ չառաջադրեն, դրանք կմնան թափուր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մտադիր չէ լրացնել այդ պաշտոնները: Սակայն հարցն այն է, թե արդյո՞ք նրանք իրավունք ունեն լրացնել, չէ՞ որ, ըստ Դոնթի բանաձևի, դրանց առաջադրման իրավունքը ընդդիմությանն է, և վերջին փոփոխությամբ իշխանականները կարող են առաջադրել միայն հանձնաժողովների փոխնախագահների թեկնածուներ:

Եվ հետո՝ ի՞նչ կլինի, եթե ընդդիմությունն որևէ առաջադրում չանի (ինչը ենթադրելի է՝ հաշվի առնելով հրաժարականները), առավել ևս, որ, «Փաստի» տեղեկություններով, քննարկվում է ընդհանրապես հանձնաժողովների նիստերին չմասնակցելու հարցը: Մեզ հետ զրույցում մի քանի իրավաբաններ ու քաղաքագետներ նշում էին, որ գործ ունենք քաղաքական ճգնաժամի նոր փուլի՝ խորհրդարանական ճգնաժամի հետ, ինչից դուրս գալը քաղաքական մեծամասնության համար չափազանց ծանր է լինելու, եթե ոչ անհնար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL