Search
Close this search box.

Բերձորը հանձնելու վերաբերյալ գաղտնի պայմանավորվածություն կա

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման նախագիծը պետք է հաստատվեր 3 տարվա ընթացքում, բայց Ադրբեջանն արդեն կառուցել է ճանապարհի 32 կմ–ը։
«Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ Բերձորը հանձնելու մասով կա լրացուցիչ ճանապարհային քարտեզ, որի մասին իշխանությունը չի հայտնում։
«Մենք պնդում ենք, որ այս իշխանությունները կրկին ժողովրդի թիկունքում Բերձորը հանձնելու պայմանավորվածություն են ձեռք բերել, և կա լրացուցիչ ճանապարհային քարտեզ, համաձայնություն, որի մասին հայ ժողովուրդը տեղյակ չէ»,–ասաց Սաղաթելյանը։

Նա հավելեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծը պետք է հաստատվեր կողմերի համաձայնությամբ։
«3 տարիների ընթացքում պետք է ընդամենը հաստատվեր երթուղու կառուցման նախագիծը, այնինչ 20 ամիս անց Ադրբեջանը կառուցել է 32 կմ ճանապարհահատված և արագացված ընթացքով փորձում է առաջ մղել իր շահերը։ Հարց է առաջանում` ինչու է Հայաստանը շտապում»,–ասաց Սաղաթելյանը։

Նա նշեց, որ Հայաստանը կատարում է նոյեմբերի 9–ի հայտարարության բոլոր կետերը, իսկ Ադրբեջանը՝ ոչ։ Պատճառը, ըստ Սաղաթելյանի, այն է, որ իշխանության մեջ կան դավաճաններ, որոնք սպասարկում են Բաքվի շահերը։
Հիշեցնենք` հունիսի 27-ի առցանց ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ 3 տարվա ընթացքում Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքում երթուղու փոփոխության վերաբերյալ կողմերը նախնական համաձայնություն են ձեռք բերել 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։

Եթե նոր կառուցվող ճանապարհը շահագործման հանձնվի, կորցնելու ենք Բերձորը. Իշխան Սաղաթելյան
Վարչապետը նաև նշել էր, որ Բերձոր, Աղավնո և Սուս համայնքները, որոնք չեն գտնվել Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի սահմաններում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողությանը։

Please enter a valid URL