ՄԵՆՔ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Ամեն ամիս մոլորակի վրա մահանում է երկու լեզու, այսինքն՝ երկու էթնոս, որոնք, որպես կանոն, պաշտպանված չեն պետությամբ: Պետականությունը իդեա է, նրա պահպանումը պահանջում է ստեղծագործական աշխատանք, իսկ ստեղծագործելը միայն ԱԶԱՏՆԵՐԻ առաքելությունն է: Պետություններն ընկնում են յուրայինների կրակոցներից, այն սպանում են ինչպես ահաբեկիչները, օվշորիստները, կրիմինալը այնպես էլ անարխիստները, փախստականները, արյամբ կոսմոպոլիտները և անուղղելի այլախոհները: Ամեն դեպքում՝ ամենավատ պետությունը գերադասելի է նրա բացակայությունից : Թեկուզ այն պատճառով, որ պետականությունը սիրո և համաձայնության խորհրդանիշներ է տարածում և դատապարտված է խոսել ամենաբարձր արժեքներից:
Մեծերը միշտ էլ փոքրերին սպառնացել են, այդպիսին է մեծերի բնությունը: Իհարկե, ինչպես ասվում է ռուսական հայտնի գովազդում ՝ размер имеет значения, չափն ունի նշանակություն:
Սակայն, քչերի մտքով կարող էր անցնել, որ տրանսազգայիններն այնքան կտարվեին գլոբալացման գաղափարով, որ աշխարհը կվերածեն մի մեծ գյուղի իր երեք-չորս գյուղապետարաններով: Իսկ ոչ անհայտ Զբիգնեև Բժեզինսկին փոքր պետությունների երեսին կշպրտի «հաճախորդ պետություն» եզրույթը, որն այսօր լայնորեն կիրառվում է, այսպես կոչված, մեծերի քաղաքագիտական ժարգոնում: Սակայն տեխնոլոգիական նոր ժամանակը երկրներին ամենևին էլ չի կշռում իրենց ֆիզիկական աշխարհագրությամբ՝ բոյբուսաթով, այլ նրանց քաշը ճշտող նոր գործիքներ ու քարտեզներ ունի, որտեղ ուրվագծված են տվյալ հավաքականության ստեղծագործական ներուժից մինչև աշխատատեղերի բանկերը, հաշվառված ու քարտեզագրված են պետությունների ինքնաբավության աստիճանից մինչև դեմոգրաֆիական և անգամ դիմադրողականության աստիճանակարգերը: Որովհետև ինչ է նշանակում փոքր պետություն և ինչու են նրանց ներշնչում սուվերենությանն անունակ էթնոսի բոլոր այն կոմպլեքսները, որը մեծ եռանդով տարածվում է նաև Հայաստանում՝ հետևողականորեն լվանալով վասալության հակված հայկական քաղաքականության երեսը:
Այսպես կարելի է, օրինակ՝ Շվեդիային համարել մի փոքր ու աննշան երկիր, որովհետև նրա բնակչությունը համարյա Փարիզի չափ է կամ նույն Ֆրանսիային կոչել մի գաճաճ պետություն, միայն այն պատճառով, որ Չինաստանում կա Հունան անվամբ մի նահանգ, որի բնակիչների թիվը մեկը մեկին համընկնում է ֆրանսիացիների թվին: Իհարկե, աշխարհի այս նոր չափագրումները չպիտի մեզ այնքան ոգևորեն, որ առնենք տարածաշրջանի մեր ամենահզոր բանակն ու մխրճենք ասենք՝ Չինաստանի սիրտը, բայց հավատացեք, մյուս ծայրահեղությունն էլ պակաս ծիծաղելի չէ՝ երբ դու արդեն 30 տարեկան ես, բայց դարձյալ չոչ ես անում գետնին և չես կարողանում անգամ հասարակ պետքերդ ինքնուրույն հոգալ կամ էլ դրսերից այնքան փող ես պարտք անում, որ դրսի հարկադիր կատարողները գալիս ու այդ պարտքի դիմաց խլում են քո տան ապրանքը, չէ՞որ այս պահին գոնե անհուսալի ես որպես կրեդիտոր, որովհետև քո այդ պարտքերը վաղուց տվել անցել են բոլորիս դարդուցավով լցված մեր բյուջեից:
Բայց անգամ Բուրկինա Ֆասոյում կամ ինչպես իրենք են իրենց անվանում՝ «հպարտ մարդկանց հայրենիքում» արթնացող բոբո և լոբի ցեղատեսակների շրջանում կա այն գիտակցումը, որ եթե ուտես ծառի բոլոր պտուղները, ծառի վրա ոչ մի պտուղ էլ չի մնա, իսկ եթե անցնես տերևներին և այն լրիվությամբ լցնես փորդ, ապա հույս էլ չի լինի, որ այդ տերևաթափից հետո ծառը երբևէ ուշքի կգա և մյուս գարնանը կծաղկի։
ՄԵՆՔ ԹԱԼԱՆԵԼ ԵՆՔ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ։ ՄԵՆՔ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ․․․
Վարդ Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից