Աշխաբադում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացրել:
Վերջիններս հանդիպման ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև ԼՂ հարցի կարգավորումը։
Պուտինն ընդգծել է երկու երկրների միջև լավ հարաբերություններն ու ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ամենակարևորը մեր պլանների իրականացումն է, ավելի ճիշտ՝ մինչև 2024 թվականը մեր համատեղ ծրագրերի։ Ամեն ինչ առաջ է շարժվում։ Իհարկե կան տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ նախ և առաջ, կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ։ Մենք այդ մասին խոսել ենք և հիմա ևս հնարավորություն կա այդ հարցը քննարկելու»,-ասել է ՌԴ նախագահը:
Ալիևը վստահություն է հայտնել, որ հանդիպումը կնպաստի երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։
«Այսօր էլ հնարավորություն կլինի խոսելու տարածաշրջանային խնդիրների ու տարածաշրջանային հակամարտությունների մասին։ Հուսով եմ, որ մեր հարաբերությունները ապագայում ևս հաջողությամբ կզարգանան»,-ասել է Ալիևը։