Search
Close this search box.

Միջանցքի փոխարեն սահմանային վերահսկողություն է լինելու․ ԱԽ քարտուղարի պարզաբանումը

Հայաստանի տարածքով միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհ բացառվում է։ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` մեկնաբանելով Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչող «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությունները։
«Միջանցք ՀՀ տարածքում բացառվում է։ Սահմանային վերահսկողություն լինելու է»,– ասաց նա։

Գրիգորյանի խոսքով` այս պահին քննարկվում է սահմանային վերահսկողության տարբերակների հարցը։
«Հնարավոր է` ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ավելի հեշտացված տարբերակ լինի։ Օրինակ` այսպես կոչված aplication-ի լրացման միջոցով ավելի պարզեցված գործընթաց տեղի ունենա։ Բայց ամբողջական սահմանային վերահսկողություն լինելու է»,– ընդգծեց ԱԽ քարտուղարը։

Ըստ Գրիգորյանի` ճանապարհների բացման պարագայում ադրբեջանական ավտոմեքենաների նկատմամբ նաև միանշանակ կիրառվելու են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված տարբեր հարկատեսակներ։

Ինչ վերաբերում է Ադրբեջանից հնչող հայտարարություններին, ԱԽ քարտուղարը հիշեցրեց, որ դրանց արձագանքել է ոչ միայն պաշտոնական Երևանը, այլև Մոսկվան ու Բրյուսելը։

«Կարծում եմ` բանակցային գործընթացի ընկալման խնդիր կա, որովհետև բոլորը հայտարարում են, որ միջանցք երբեք չի քննարկվել, բայց ադրբեջանական կողմը դրա մասին հայտարարում է անհասկանալի պատճառներով»,– ասաց Գրիգորյանը։
Հիշեցնենք` Ադրբեջանը տարբեր մակարդակներում պարբերաբար հայտարարում է, որ Հայաստանը պետք է իրենց «միջանցք» տրամադրի Նախիջևանի հետ կապ ունենալու համար։ Անգամ սպառնում են, որ հակառակ դեպքում այդ միջանցքը կվերցնեն ուժով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը տարբեր առիթներով հայտարարել են, որ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացումը որևէ միջանցք չի ենթադրում։

Please enter a valid URL