«Հիմա Բերձորում նույն իրավիճակն է, ինչ մեկ ամիս կամ երկու ամիս առաջ էր: Ադրբեջանը ճանապարհ է կառուցում, բայց բնակչությունը շարունակում է ապրել Բերձորում՝ առանց ճամպրուկային և խուճապային տրամադրությունների։ Ինչ վերաբերում է ժողովրդին տարհանելուն, ապա որևէ պաշտոնական հրաման չկա: Մարդիկ իրենց սովորական առօրյայով ապրում են, էստեղ ամեն մարդ գիտի իր անելիքը: Ես իսկապես եմ ասում, խուճապ չկա, մարդիկ շատ երկար են պատրաստվում ապրել Բերձորում: Մենք չենք կարող ասել, թե հետո ինչ կլինի: Կառուցվում է Արցախը ՀՀ-ին կապող այլընտրանքային ճանապարհ, բայց երբ տեսնում ես, թե ադրբեջանցիներն ինչ ինտենսիվությամբ են կառուցում այդ ճանապարհը, մտածում ես՝ շատ հավանական է, որ այդ այլընտրանքային միջանցքը տեղափոխվի այնտեղ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնել է Քաշաթաղի շրջանի Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը:
«Իրականությանը չեն համապատասխանում այն տեղեկությունները, որ Բերձորի բնակիչներին առաջարկել են տեղափոխվել Հին Շեն, Նոր Շեն, Արցախի կամ Հայաստանի մեկ այլ բնակավայր: Մենք նման առաջարկ չենք ստացել, ոչ էլ ինչ-որ բան է արվում այդ ուղղությամբ:
Իմ աչքին էլ տեղեկություններ ընկան, որ իբր մինչև հուլիսի 1-ն է ժամկետը, վաղը չէ մյուս օրը հուլիսի 1-ն է, բայց մենք այստեղ ենք, և այնպես չէ, որ վաղը-մյուս օրը պատրաստվում ենք գնալ:
Մենք բազմաթիվ մտահոգություններ ունենք. նույն Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհի հետ կապված, այլընտրանքային միջանցքի հետ կապված:
Մենք չգիտենք նույն այդ ճանապարհը, միջանցքը ինչքանով անվտանգ կլինի, և եթե պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, ապա որքանո՞վ լիարժեք կիրականացվի այդ վերահսկողությունը»,- ընդգծել է Բերձորի քաղաքապետը
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: