«Հրապարակ»-ը գրում է. Նիկոլ Փաշինյանը նախօրեին իր ասուլիսում հայտարարեց Արցախի Բերձորի շրջանը եւ Աղավնո գյուղն առաջիկայում Ադրբեջանին հանձնելու մասին։ Փաշինյանի խոսքով՝ Լաչինի այլընտրանքային ճանապարհի կառուցման, ասել է թե՝ «երթուղու փոփոխության դեպքում», այն տարածքները, «որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ տարածքում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ»։ «Լաչինի բնակիչների հարցերը կառավարությունը լուծում է, բնակիչները, բնականաբար, պետք է ապահովվեն բնակարաններով։ Ըստ էության՝ Լաչինում այսօր ընտանիքներ չեն բնակվում, իսկ Աղավնո գյուղի բնակիչների խնդիրներն Արցախի կառավարության միջոցներով կլուծվեն, Սուսի մասին այս պահին հստակ ոչինչ չեմ կարող ասել։ Խնդիրն այն է, թե այդ տարածքները ԼՂԻՄ սահմաններից նե՞րս, թե՞ դուրս են գտնվում։ Համենայնդեպս, երբ այս հարցը քննարկել ենք Արցախի իշխանությունների հետ, Սուս գյուղի անունը չի քննարկվել»,- հայտարարել է Փաշինյանը։
Սուս գյուղում գրեթե բնակիչ չի մնացել, գյուղը դատարկվել է վերջին պատերազմից հետո, կարելի է ասել՝ հանձնված վիճակում է, ինչը չես ասի Աղավնոյի մասին, որտեղ վերջին տարիներին մեծ ներդրումներ են կատարվել, ծաղկուն ու գեղեցիկ գյուղ է կառուցվել՝ մոտ 50 տուն բնակիչներով։ Տեւական ժամանակ է` լուրեր կային Աղավնոյին սպասվող դժբախտ ու դժգույն ճակատագրի մասին, Ադրբեջանի նախագահն էր պարբերաբար հայտարարում, որ Աղավնոն շուտով իրենցն է լինելու, եւ հուլիսի 1-ին գյուղում պետք է ծածանվի ադրբեջանական դրոշը։
Հայաստանի ու Արցախի ղեկավարության լռությունը նախօրեին խախտեց Փաշինյանը՝ ըստ էության, հաստատելով Ալիեւի խոսքերը, մեկ վերապահումով, որ ոչ թե հուլիսի 1-ին է գյուղը հանձնվելու, այլ այլընտրանքային ճանապարհի կառուցումից հետո։ Ի դեպ, ավելի վաղ գրել էինք, որ Արցախի նախագահը մեկնել է Մոսկվա եւ ընթացիկ հարցերից բացի Աղավնոյի խնդիրն էլ է քննարկել՝ փորձելով ռուսական կողմի միջնորդությամբ պահպանել գյուղը։ Մեր աղբյուրներն ասում են, որ Հարությունյանը ձեռնունայն է վերադարձել, եւ հիմա քննարկում են Աղավնոյի՝ մոտ ապագայում տեղահանվող բնակչության տեղավորման հարցերը։
Կարծում են, որ ամենաօպտիմալ լուծումն այն է, որ բնակիչներին առաջարկեն այլընտրանքային ճանապարհի հարեւանությամբ տեղակայված Հին Շեն, նոր Շեն բնակավայրեր տեղափոխվել, որտեղ անվտանգությունն ապահովելը հեշտ կլինի: Առաջիկայում այս գյուղերում արագ տեմպերով բնակարաններ կկառուցեն, կան նաեւ ազատ շինություններ, որոնք բնակարանային տեսքի կբերվեն։ Բացի այդ` Աղավնոյի վերջին նորակառույց տներից մոտ երկու տասնյակն արագ կառուցվող, քանդովի-հավաքովի նմուշներ են, եւ հաշվարկում են նաեւ այդ «տեղաշարժվող» տները տեղափոխել։ Սրան զուգահեռ, կոմունիկացիոն խնդիրները պետք է լուծվեն՝ գազի, հոսանքի, կապի այլընտրանքային կայաններ կառուցեն։
Մեզ ասացին, սակայն, որ մինչ այս պահը ոչ մի շինաշխատանք չի իրականացվել, անգամ այլընտրանքային ճանապարհի հայկական հատվածում աշխատանքներ չեն սկսվել, այն պարագայում, որ, ըստ լուրերի, մինչեւ եկող տարվա ամառ պետք է թե՛ ճանապարհը շահագործման հանձնվի, թե՛ նշված տարածքները՝ թշնամուն։ Չնայած որոշ աղբյուրներ պնդում են, որ Ալիեւը մինչեւ տարեվերջ է ժամկետ տվել։ Ի դեպ, այլընտրանքային այս ճանապարհը նախատեսված էր նոյեմբերի 9-ի փաստաթղթով: Դրա կոորդինատները որոշված չէին, բայց Արցախում սա համարում են մեզ համար ամենաշահեկան երթուղին` ամենակարճ կտորը, մոտ 7 կիլոմետր, որը Հայաստանը կապելու է Արցախին:
Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը լուրջ չի ընդունել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ասում է՝ ինքն ո՞վ է, որ հայրենի հող հանձնի, թող իր սեփականությունը հանձնի, բայց Աղավնոն հանձնելու իրավունք չունի, եռակողմ հայտարարության մեջ էլ չկա նման կետ։
Հիշեցնենք․ 2020 թ․ նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության 6-րդ կետում ասված է․ «Հայաստանի Հանրապետությունը մինչեւ 2020 թ․ նոյեմբերի 15-ն Ադրբեջանի Հանրապետությանն է վերադարձնում Քելբաջարի շրջանը, իսկ մինչեւ 2020 թ․ դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ եւ միեւնույն ժամանակ չի շոշափի ք. Շուշին, կմնա Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ: Կողմերի համաձայնությամբ՝ առաջիկա երեք տարում կորոշվի Լաչինի միջանցքով երթեւեկության նոր երթուղու կառուցման ծրագիրը, որը կապահովի Ստեփանակերտի եւ Հայաստանի միջեւ կապը՝ հետագայում այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերատեղաբաշխմամբ։ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների երթեւեկության անվտանգությունը երկու ուղղություններով»։ Լաչինի այլընտրանքային ճանապարհը սկսվելու է Հայաստանի Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղից, անցնելու է Լաչինի շրջանի Գայգի ավանով, Հին Շենի, Նոր Շենի, Աղավնոյի կողքով եւ լեռների միջով հասնելու է Ստեփանակերտ։
Աղավնոյի գյուղապետն ասում է. «Որեւէ մեկն իրեն մանդատ չի տվել, որ ինքը հանձնի հողեր։ Փաշինյանի ցանկությունները կամ, ավելի ճիշտ՝ Ալիեւի ցանկությունները մեզ չեն հուզում։ Թող բերեն, մեզ մի փաստաթուղթ ցույց տան, որ կարողանանք իրենց դատի տանք։ Ինքը չի կարող որոշել։ Նա ասում է՝ Աղավնոյի բնակիչների հարցն Արցախի կառավարությունը․․․ այսինքն՝ դու պիտի նստես բանակցության, սխալ որոշումներ կայացնես, քո վրայից ցրես ու Արցախի իշխանությունների վրա՞ գցես։ Ես չեմ լքելու, եւ ավելին՝ ավելի լուրջ քայլերի ենք պատրաստվելու»։ Հարցրինք՝ գյուղի բնակիչներից քանի՞սն են իր պես վճռական տրամադրված։ «Շատերը, շատ-շատերը, նախորդ պատերազմից շատ են։ Բնակիչների տրամադրվածությունը մնալուն է ուղղված: Ես չեմ հասկանում՝ ինչի՞ խոսենք մեր տնից հեռանալու մասին, չի՞ կարող մի պարապ թումբ զիջել, ասի, որ սա բնակեցված համայնք է, թող մնա։ Ինչ է` մենք պիտի արագ հելնենք ու գնա՞նք։ Հա, կարող են Փառուխի նման փորձեր անել, բայց մենք ամեն ինչին պատրաստ ենք։ Կրկնում եմ՝ ով Աղավնոն հանձնի, իրեն հողին կհանձնենք, կարող է ես չհանձնեմ, բայց շարունակողները հաստատ հողին են հանձնելու հող հանձնողին»։ Փաշինյանի հայտարարությունից հետո Արցախի կառավարությունից չեն կապվել գյուղապետի հետ: «Դե, երեւի լուրջ բան չկա, գոնե ես լուրջ չեմ ընդունել իր ասածը»: Գյուղապետն ասաց նաեւ, որ իրենց չեն առաջարկել գյուղը հանձնելուց հետո Հին Շեն, նոր Շեն տեղափոխվելու մասին․ «Մենք չենք զիջելու, մեր հայրենիքը մետր քառակուսիով չենք չափում, որ ասենք` մեր տները կփոխանակենք ուրիշ տներով, մենք կանգնելու ենք վճռական։ Իր հայտարարությունից հետո բնակիչների հետ էլ եմ զրուցել, բոլորն էլ վճռական են տրամադրված»։