Մինսկի խմբի շուրջ Մոսկվա-Բաքու-Փաշինյան եռյակի մանիպուլյացիաներն ավարտված են․ ԱՄՆ Պետդեպի հայտարարության համաձայն, «ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահն այսօր խոսել է իր գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան: Ցավոք, Ռուսաստանի համանախագահը չի ընդունել հրավերը: Մենք անհամբեր սպասում ենք Մինսկի խմբի աշխատանքների շարունակմանը»։ Ընդ որում, նշվում է հենց համանախագահ բառը, ինչը էական հանգամանք է․ բանն այն է, որ վերջերս ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու ՌԴ-ն համանախագահներին «վերաորակել» էին որպես հատուկ ներկայացուցիչներ։
ԱՄՆ ակնարկը բավական թափանցիկ է․ Բաքու իր այցի ընթացքում ՌԴ ԱԳ նախարարն ու Բաքվի վարչակազմի ղեկավար Ալիեւը հայտարարեցին, որ Մինսկի խումբը դադարեցրել է աշխատանքը։ Մինչ այդ, Լավրովը եւ իր խոսնակը հայտարարել էին, թե ՄԽ արեւմտյան համանախագահները հրաժարվել են համագործակցել ռուսաստանցի համանախագահի հետ, իսկ ավելի վաղ Լավրովը խոստովանել էր, որ արեւմտյան համանախագահները պաշտպանում էին հայկական շահերը։
Իրականում, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հրաժարվել էին նոյեմբերի 9-ի թուղթը որպես կարգավորում ընդունելու ու ՄԽ մանդատի շրջանակում այն լեգիտիմացնելու Մոսկվայի առաջարկներից։ Իր հերթին, ՌԴ համար ՄԽ-ն հարմար հարթակ էր իր ծրագրերը որպես համատեղ ներկայացնելու փորձերի համար, ռուսական մեդիայում եւ հայկական համապատասխան շրջանակներում հակաարեւմտյան լայն քարոզչությամբ՝ «Արեւմուտքը ցանկանում է Արցախը հանձնել Ադրբեջանին» կարգախոսի տակ։ Այդ ջանքերը նույնպես ձախողվեցին ԱՄՆ ու Ֆրանսիայի հրաժարվելուց հետո, եւ այդպիսով Ռուսաստանը հայ հանրության առջեւ մնաց մենակ՝ թուրքերի հետ իր հակահայ ծրագրի ողջ «հմայքով»։
Պետդեպի այս հայտարարությունը երկրորդ քայլն է՝ ռուսներին ստիպելով հայտարարել ՄԽ աշխատանքների դադարեցման մասին, ԱՄՆ-ն հայտնում է աշխատանքները շարունակելու պատրաստակամության մասին, այդպիսով Մոսկվային դնելով փաստի առաջ։
Ավելի վաղ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դոնֆրիդը երեւանյան այցի ժամանակ հայտարարել էր, որ Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցում չի պահանջվել, այդպիսով հերքելով ՀՀ վարչապետի հայտարարությունները։ Մոսկվան ու Բաքուն բացառում են Արցախի կարգավիճակի քննարկումները, իսկ Նիկոլ Փաշինյանի առջեւ խնդիր էր դրված պատասխանատվությունը բարդել ՄԽ համանախագահների վրա։ Այդ մասին նա կրկին հայտարարեց իր երեկվա ասուլիսում։
Թե ինչ ռազմավարություն են իրագործում արեւմտյան համանախագահները՝ կերեւա առաջիկայում։ Մի բան պարզ է, որ Մոսկվա-Բաքու-Երեւան «եռակողմ կարգավորումը» միջազգայնորեն չի լեգիտիմացվելու, քանի որ տեղի է ունեցել ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ-ի մանդատի խախտումներով։
Սա հնարավորությո՞ւն է Հայաստանի համար։ Անկասկած։ Բայց ոչ ռուսահպատակ իշխանության ու խորհրդարանը կազմող ուժերի պարագային, որոնք մրցում են նոյեմբերի 9-ի թուղթն ավելի լավ իրագործելու համար։
Lragir.am