Search
Close this search box.

ՖՈՏՈ․ Ո՞նց է Ադրբեջանը ուզում վերցնել Լաչինը և ի՞նչ է ասում ռուսական կողմը

Իսկ ո՞նց է Ադրբեջանը ուզում վերցնել քաղաքը․ պարզաբանում է պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը․

Ադրբեջանը հղում է կատարում կապիտուլյացիոն փաստաթղթի 6-րդ կետին, ըստ որի «Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման նախագիծ…»։ Ադրբեջանը ինքնակամ սկսել է կառուցել այս նոր ճանապարհը, որն անցնում է նոր երթուղով՝ կապելով Գորիսի Կոռնիձոր գյուղը Շուշիի Հին Շեն գյուղի հետ՝ այդպիսով շրջանցելով Բերձորն ու հարակից գյուղերը։

Դատելով Ադրբեջանի կողմից պաշտոնապես հրապարակված լուսանկարներից՝ այս ճանապարհի մեծագույն մասն արդեն պատրաստ է շահագործման։ Ստացվում է, որ Ադրբեջանը խախտում է եռակողմ հայտարարությունը, քանի որ ոչ միայն խախտված են ժամկետները (ըստ հայտարարության, նոր ճանապարհի հարցը պետք է քննարկվեր 2023 թ․-ի նոյեմբերից ոչ շուտ), այլև նախնական պայմանավորվածությունն առ այն, որ նոր ճանապարհի երթուղին պետք է համաձայնեցված լինի կողմերի միջև։

Թե՛ Արցախի Հանրապետության ղեկավարությունը, թե՛ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները պաշտոնապես չեն խոսում որևէ նման համաձայնեցման մասին, սակայն լրագրող Ն. Հոխիկյանի հարցմանն ի պատասխան ՀՀ դե-ֆակտո վարչապետի աշխատակազմից ուղարկված պատասխանից պարզ է դառնում, որ Բերձոր քաղաքն ու հարակից գյուղերը հանձնվելու են Ադրբեջանին։

Սա կարող է նշանակել, որ կա՛մ առկա է գաղտնի պայմանավորվածություն ադրբեջանական կողմի հետ, կամ Ադրբեջանը միակողմանիորեն խախտում է եռակողմ հայտարարությունը, որին ՀՀ դե-ֆակտո իշխանությունը որևէ կերպ չի արձագանքում։

Ի՞նչ է ասում ռուսական կողմը
Ռուսաստանը պաշտոնապես որևէ նոր մեկնաբանություն այս առթիվ չի տվել։ Բոլոր նախորդիվ արված հայտարարությունները հանգում են նրան, որ կողմերը պետք է հավատարիմ լինել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմաններին։ Այսինքն՝ ինչպես այլ դեպքերում, առավել էական է հայկական կողմի դիրքորոշումը. արդյոք հայկական կողմը պատրաստվո՞ւմ է պայքարել Բերձորի ու շրջակա գյուղերի հայկական մնալու համար (և այդ հարցում համագործակցել իր ռազմավարական դաշնակցի հետ), թե՞ զիջելու է Ադրբեջանին՝ այդպիսով հայաթափելով հերթական հայկական բնակավայրերն ու փաստացի հանձնելով նոր տարածքներ թշնամական պետությանը։

Քարտեզում կարմիր շեղագծով նշված է «Լաչինի միջանցքի» մոտավոր տարածքը։

Please enter a valid URL