Search
Close this search box.

«Հրապարակ». Մոսկվայում գործող 161 դեսպաններից միայն Վաղոն է թիկնապահներով շրջում. Լավրովը նկատել է

«Հրապարակ» թերթը գրում է. «ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանն ամեն տեղ գնում է թիկնապահների ուղեկցությամբ: Անգամ ՌԴ պետական կառույցներ այցելելիս է թիկնապահներին հետը տանում, ինչը զարմացրել է ռուս չինովնիկներին:

Վաղարշակ Հարությունյանը նույնիսկ նոր հաստիք է մտցրել՝ օգնական-թիկնապահի, որը զբաղեցնում է դեսպանի եղբորորդին: Թիկնապահները նստում են դեսպանի ընդունարանում: Ասում են՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը նույնիսկ նկատել է, որ Մոսկվայում գործող 161 դեսպաններից Հարությունյանը միակն է, ով թիկնապահ ունի:

ՌԴում ՀՀ դեսպանը զգուշանում է ամեն ինչից: Նրա այցելուները հեռախոսը դրսում են թողնում, աշխատասենյակ են մտնում առանց բջջայինի: Այս մանրամասներն են պատմում Հայաստանի դեսպանատան միջանցքներում:

Դեսպանի՝ թիկնապահներով շրջելու վերաբերյալ մեր տեղեկությունը ՀՀ ԱԳՆ-ից հերքում են: Քննարկվող թեմա է աշխատողների շրջանում նաեւ դեսպանատան ֆինանսավորման սպասվող ավելացումը: Չի բացառվում, որ հավելյալ գումարներով կթարմացվի դեսպանատան ավտոպարկը: Ի դեպ, վերջերս Մոսկվայի հայերը նկատել են, որ կարմիր դիվանագիտական պետհամարանիշներ են տրամադրվել ռուսաստանաբնակ որոշ հայ գործարարների:

Մեր տեղեկությունները ճշտելու նպատակով գրավոր դիմեցինք ԱԳՆ, որից վերջին շրջանում, ի պատասխան մեր հարցերին, միայն երկու բառ ենք ստանում. «Չի համապատասխանում իրականությանը»: Վերջին հարցումների հերքումները կներկայացնենք ստանալուն պես»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL