Կաթիլ-կաթիլ փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել ընդդեմ Հայաստանի և ընդդեմ Արցախի: Այս մասին այսօր օնլայն ասուլիսի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մայիսին սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով համատեղ հանձնաժողովի նիստը Ադրբեջանի կողմից 2 անգամ չեղարկվել կամ հետաձգվել է հանդիպումը։ Այսպես կաթիլ-կաթիլ փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել ընդդեմ Հայաստանի և ընդդեմ Արցախի»,- ասել է նա:
Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանն ասում է, որ Լեռնային Ղարաբաղը գոյություն չունի, բայց Եռակողմ հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղը երեք անգամ նշվում է:
Պատասխանելով խաղաղության դարաշրջանի մասին հարցին՝ Փաշինյանը նշել է, որ ադրբեջանական զորքերը ներխուժել են Փարուխ գյուղի տարածքում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի, ինչը վկայում է այն մասին, որ Ադրբեջանի հայտարարությունները (խաղաղության մասին) չեն համապատասխանում իրենց գործերին։
Ըստ վարչապետի՝ նման գործողություններից հետո կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը (այժմ, կամ մի քանի տարի հետո) պատրաստվում է նոր պատերազմի։