Շուրջ 300 հայկական բեռնատար է մնացել վրացական կողմում՝ «Վերին Լարս» անցակետի ուղղությամբ, ևս 500-ն էլ ռուսական կողմում են` Վրաստան մեկնելու սպասումով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Վերին Լարս» տանող ավտոճանապարհի 136 կմ–ում 80 մետր երկարությամբ հատվածը փլուզվել է Թերեք գետի վարարման պատճառով, ինչից հետո բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվել է։
Հարությունյանը նշեց, որ այս պահին համապատասխան կառույցների հետ այլընտրանքային երթուղիների հարցն են քննարկում։ Նրա խոսքով` մանրամասներն ավելի ուշ կհայտնեն։
Հիշեցնենք` Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը փակվել էր դեռևս հունիսի 26-ին Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 53-րդ կմ-ում տեղի ունեցած սողանքի պատճառով։ Դուշեթիի քաղաքապետը հայտնել էր, որ պատճառը Արագվի գետի վարարումն է։