Ռուսաստանի հետ Վրաստանը միացնող ճանապարհի վնասված տեղամասի վերականգնման համար կարող Է մոտավորապես 7-10 օր պահանջվել, Sputnik Վրաստանին հաղորդել են Վրաստանի տարածաշրջանների զարգացման նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտում:
Նախօրյակին Թերեք գետը հորդառատ անձրևների պատճառով դուրս Էր եկել ափերից և ողողել մայրուղին, որը տանում Էր վրաց-ռուսական սահման: Վնասվել Է Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի վրա գտնվող հատվածը (չեզոք գոտի):
Գերատեսչության հաղորդագրության համաձայն, ընդամենը վնասվել Է ճանապարհի մինչև 80 մետր հատվածը: Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտն արդեն ձեռնամուխ Է եղել վերականգնողական աշխատանքներին:
«Վայրում գտնվում են ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները և ստուգում անհրաժեշտ բոլոր միջոցառումները կարճ ժամանակում երթևեկությունը վերականգնելու համար, նշում են գերատեսչությունում: Ներկայում նշված տեղամասում արգելված Է երթևեկությունը բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար: Բացի այդ, աշխատանքն Է դադարեցրել «Կազբեգի» հսկիչ անցակետը:
Համապատասխանաբար, «Կազբեգի» հսկիչ անցակետում դադարեցվել են բոլոր ընթացակարգերը, այդ թվում՝ ապրանքների ներկրումը կամ արտահանումը, ինչպես նաև սահմանի հատումը ֆիզիկական անձանց կողմից: Անվտանգության նպատակներով «Կազբեգի» հսկիչ անցակետի բոլոր աշխատակիցները և այցելուները տեղափոխվել են այլ վայր:
Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղին, այսպես կոչված Ռազմավիրական ճանապարհն այսօրվա դրությամբ միակ ցամաքային ճանապարհն Է, որը Վրաստանը և Հայաստանը կապում Է Ռուսաստանի հետ: Իսկ «Կազբեգի»-«Վերին Լարս» մաքսակետն այսօրվա դրությամբ միակ գործող մաքսակետն Է Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանի վրա, հաղորդել Է Sputnik-ը: