Search
Close this search box.

«Երևանում ոստիկանը ձեռքով դիպչեց կրծքիս եւ սեղմեց այն». չինացի զբոսաշրջիկը դիմել է ոստիկանություն

Ոստիկանը սեռական ոտնձգություն կատարեց իմ նկատմամբ. չինացի զբոսաշրջիկը դիմել է ոստիկանություն
Չինացի Լեյ Մաննան, որը հունիսի սկզբին Հայաստան է եկել որպես զբոսաշրջիկ, պնդում է, որ Երեւանում օրերս ոստիկանն իր նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարել:

«Երեւանում ոստիկանը դիպչել է իմ մարմնին, որից ես անհամար դրության մեջ եմ հայտնվել։ Դեպքը տեղի է ունեցել հունիսի 2–ին, այդ օրը ես դիմել էին ոստիկանություն, որովհետեւ հյուրանոցն իմ գումարը չէր վերադարձնում։ Ոստիկանները երբ եկան, ես կանգնած էի հյուրանոցի մոտ։ Նրանցից մեկը ձեռքով դիպչեց կրծքիս եւ սեղմեց այն, ապա ձեռքը դրեց ուսիս, ասաց՝ ես քեզ կպաշտպանեմ, ես կլինեմ քեզ հետ։ Իսկ երբ մենք մեքենայի մեջ էինք, որտեղ բացի մեզանից երկու այլ ոստիկան կար եւ թարգմանիչ, նա գրկեց ինձ ու ասաց՝ դու գեղեցիկ ես։ Ես կարծում եմ, որ իմ նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարվել։ Այդ տղամարդու ինձ դիպչելու պատճառով ես ինձ շատ վատ եմ զգացել»,– NEWS.am–ի հետ զրույցում պատմել է չինացի զբոսաշրջիկը։

Կատարվածի վերաբերյալ Լեյ Մաննան փորձել է հաղորդում ներկայացնել ոստիկանություն, սակայն, իրավապահները հրաժարվել են ընդունել հաղորդումը՝ նշելով, որ կատարվածում հանցագործության տարրեր չկան: Չինուհին մեզ նաեւ հայտնել է ոստիկանի անունը, որը չենք հրապարակում. «Ոստիկանությունում ինձ ասացին, որ դա ոչինչ է եւ չեն կարող իմ դիմումին ընթացք տալ։ Բայց ինձ համար դա ոչինչ չէ։ Չինաստանում ծառայության մեջ գտնվող ոստիկանն իրավունք չունի դիպչել կնոջ մարմնին։ Կարող են ձեռքը բռնել կամ մազերին դիպչել, բայց ոչ կրծքին։ Դրա համար ոստիկանը Չինաստանում պատասխանատվության կենթարկվեր»։

Please enter a valid URL