Search
Close this search box.

Ուղիղ միացում. Ապարանում բողոքի ցույցի են դուրս եկել սպանության զոհերի և վիրավորների հարազատները

Ապարանում մոտ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած արյունալի միջադեպից զոհվածների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք պահանջում են պարզել միջադեպի մասնակիցներին եւ պատժել:

Հիշեցնենք, որ հունիսի 19–ին, Ապարանից Նիգավան գնացող ճանապարհահատվածում սպանություն էր տեղի ունեցել։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով «Ապարան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 7 քաղաքացի: Վիրավորներից մեկը գիտակցության չգալով, մահացել էր, իսկ 6 հոգի տեղափոխվել էին Երեւանի բժշկական կենտրոններ: Ժամեր անց, սակայն, մահացել էր եւս մեկ քաղաքացի։

Հարուցված քրեական գործով ձերբակալվել է 32-ամյա Արմեն Հովհաննիսյանը, որը Ձորագլուխ համայնքից է։ Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ նա եղբոր հետ շաբաթ օրը երեկոյան 22:30-ի սահմանում Ապարան քաղաքում, ավտոմեքենան վարելու ընթացքում ձայնային ազդանշան է տվել «Infinity» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել մեքենան ու կանգնեցրել այն, ապա մոտեցել են վարորդին, վիճել նրա հետ: Միջամտել են Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ: Վիճաբանությունը շարունակելու նպատակով հաջորդ օրը 32-ամյա տղամարդը եղբոր եւ մի քանի անձանց հետ, նորից գնացել են Ապարան, որտեղ գտնվող գազալցակայանի տարածքում հանդիպել են նախօրդ օրը իրենց վեճին միջամտած անձանցից մեկին եւ ծեծի ենթարկել նրան: Ավելի ուշ՝ երեկոյան, վիճաբանությունը շարունակվել է Նիգավան գյուղի աղբանոցի հարակից տարածքում՝ որի ընթացքում էլ 32-ամյա տղամարդը իր մոտ եղած հրացանից կրակոցներ է արձակել իրենց հետ վիճող անձանց ուղղությամբ: Հրազենային վնասվածքներով Ապարանի բուժկենտրոն տեղափոխված Ապարան քաղաքի երկու բնակիչները մահացել են, իսկ հինգ անձ տեղափոխվել են Երեւանի բժշկական կենտրոններ:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ եղբայրները եղել են Քաղաքացիական Պայմանագիր խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի հարազատները եւ Արագածոտնի ՔՊ-ական փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին, իսկ վիճաբանությունը սկսվել է նրանից, որ Ապարանցի երիտասարդները հայհոյել են Նիկոլ Փաշինյանին: Ընդ որում, կան տեղեկություններ, որ նրանք կրակել են ոչ թե որսորդական հրացանից, ինչպես պնդում է ոստիկանությունը, այլ «Կալաշինիկով» տիպի ինքնաձիգից: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է իր եւ իր ընտանիքի անդամների մասնակցությունը միջադեպին։ Այս տեղեկությունները կեղծ է որակել նաեւ փոխմարզպետ Էդգար Փարվանյանը։

Նշենք, որ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հարուցվել է քրեկան գործ։

Please enter a valid URL