Search
Close this search box.

Լավրովի վերջակետը

«Մենք չենք քննարկել Մինսկի խմբի հետ կապված հարցեր։ Մինսկի խումբն ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների նախաձեռնությամբ դադարեցրել է իր գործունեությունը… Այն առաջարկները, որոնք եղել են և որոնք երկար տարիներ քննարկվել են՝ առանց տեսանելի արդյունքների, կորցրել են իրենց այժմեականությունը։ Տեղի ունեցած իրադարձությունները հետևում են թողել այդ փաստաթղթերը, դա ուղղակի օբյեկտիվ իրականություն է»

Լավրովը միաժամանակ պնդել է, թե 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում նոր գործընթացներ են սկսվել՝ հակամարտության հետևանքները վերացնելու ուղղությամբ, և հատուկ շեշտել, որ այդ գործընթացների հիմքում եռակողմ հայտարարություններն են՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև։
Մեր հետեւությունները.
✓ Ռուսաստանի ԱԳ նախարարի այս հայտարարությունը տարօրինակ աժիոտաժ է առաջացրել մեր փորձագիտական, քաղաքական շրջանակներում։ Մինչդեռ, Մոսկվան ամիսներ շարունակ, ավելի քողարկված թեզերով, հենց այս քաղաքականության կապիտալիզացիայով է զբաղված:
✓ Տեղի է ունենում այն, ինչ հետեւանք է 44-օրյա պատերազմի, դրա ստեղծած ստատուս-քվոյի։ Հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորվումը տեղի է ունենալու 2020թ-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթի տրամաբանությամբ` Մոսկվայի միջնորդությամբ ու առանց Մադրիդյան փաթեթից մնացած խնդիրների ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահության։ Սա է ռեալպոլիտիկը, որի դեմ Հայաստանը ոչինչ անել չի կարող։
✓ Ուկրաինական պատերազմը ու նոր «Սառը պատերազմի» ռեժիմը միայն ամրապնդելու են Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում` միջազգային մյուս դերակատարներին վերապահելով հնարավոր գործընթացներին աջակցելու կամ դիտորդի կարգավիճակով դրանց հետեւելու դերակատարություն։
✓ Այս իրավիճակում հայկական կողմին այլ բան չի մնում, քան հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում հետեւել, այսպես կոչված, փուլային տարբերակի տրամաբանությանը` առկախելով ԼՂ կարգավիճակի հարցի լուծումը։ Խնդիրն այլ տարբերակով ու այլ մոդեռատորի միջոցով լուծելու փորձերն արկածախնդրություն են։
✓ Իդեալական կլիներ, եթե Հայաստանն ու Ադրբեջանը կարողանային իրենց հարաբերությունները կարգավորել ուղղակի երկխոսության միջոցով, սակայն այս տարբերակը գործնականում ու նույնիսկ տեսականորեն անհնար է։
✓ Թերեւս հիմա հասկանալի է, թե ում հորդորով է Նիկոլ Փաշինյանի «իջեցրել Արցախի կարգավիճակի նշաձողը»։ Նույն տրամաբանությամբ` Երեւանի փողոցներում անցած շաբաթներին ծավալված խղճուկ «Դիմադրություն»-ը կոչված է քարտ-բլանշ տալու այդ քաղաքականությանը։ Ահա, թե ինչու էր իշխանությունը անխռով հետեւում Ֆրանսիայի հրապարակի շաբաթներ տեւած «պաշարմանը»։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց

Please enter a valid URL