Search
Close this search box.

Ինչով է պայմանավորված ՀՀ–ում ԱՄՆ–ի նոր դեսպանի առաջադրումը. մասնագետների տեսակետները

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանն ու ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել են ՀՀ–ում ԱՄՆ–ի նոր դեսպանի նշանակման հարցին։

Ուկրաինայում գտնվելու հանգամանքը Քրիստինա Քվիենի պարագայում դեռ որևէ առաքելության մասին չի խոսում, որովհետև նոր դեսպանի թեկնածուն կարիերային դիվանագետ է, երկար տարիներ աշխատել է ԱՄՆ–ի պետդեպարտամենտում, ուստի չեմ կարծում, որ Մոսկվայում կամ Կիևում աշխատելը հատուկ մեսիջ է պարունակում, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար, իսկ մինչ այդ՝ նույն երկրում ԱՄՆ-ի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստինա Քվիենը նախագահ Ջո Բայդենի կողմից առաջադրվել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում։
«Քրիստինա Քվինը զբաղվել է նաև մեր տարածաշրջանով, մասնավորապես եվրասիական տարածաշրջանով, հետևաբար նրա թեկնածության առաջադրման առումով որևէ արտառոց բան չկա։ Մենք Հայաստանում ունեցել ենք դեսպան, որն իր հերթին հետագայում գործուղվել է Ուկրաինա»,– ասաց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենը։

Սարգսյանի խոսքով` ՀՀ–ում գործող դեսպան Լին Թրեյսին արաբական աշխարհում աշխատելու փորձ է ունեցել, և արժե՞ր արդյոք դրանում միտում տեսնել, երբ այն ժամանակ գործուղվեց Հայաստան։ Ըստ նրա` Միացյալ Նահանգներում պարզապես ընդունված կարգ է, որ կոնկրետ տարածաշրջաններով զբաղվող մասնագետներին գործուղում են տեղի երկրներ։

Անդրադառնալով այն հարցին, թե կոնկրետ Հայաստանում դեսպան նշանակելիս ամերիկյան կողմն ինչպիսի ռազմավարության վրա է հենվում, Սարգսյանն ընդգծեց, որ ցանկացած երկրում դեսպան նշանակելիս պետդեպարտամենտը հաշվի է առնում երկու սկզբունք` պրոֆեսիոնալ դիվանագետ լինելու հանգամանքը կամ քաղաքական նշանակման անհրաժեշտությունը, իսկ Հայաստանում երբեք պրոֆեսիոնալ դիվանագետներից զատ, այլ նշանակումներ չեն եղել, իսկ քաղաքական նշանակումներ լինում են այնպիսի երկրներում, ինչպիսիք են Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, այսինքն` գերհզոր պետություններում, ինչու չէ, նաև Ռուսաստանի Դաշնությունում։

Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանն էլ իր հերթին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ դեսպանների նշանակման հարցում ամերիկյան կողմի համար հետխորհրդային տարածքում որոշիչ դեր է խաղում հատկապես Ուկրաինան, որտեղից գալիս են Հայաստան, իսկ այստեղից գործուղվում Ուկրաինա։ Բալասանյանը վկայակոչեց Մարի Յովանովիչի օրինակն ու հավելեց, որ Ուկրաինան ամերիկացիների համար համարվում է պլացդարմ հետխորհրդային տարածքում ծավալվելու համար, հետևաբար այդտեղից են դեսպաններին գործուղում այլ հանրապետություններ։

«Քրիստինա Քվինը մասնագիտական հատկանիշներով առանձնապես աչքի չի ընկել և Հարավային Կովկասի համար երբեք էլ առանձնակի կարևորություն չի ներկայացրել։ Նրա թեկնածության առաջադրումն ավելի շատ կարելի է կապել ոչ թե մասնագիտական որակների, այլ գործող դեսպան Լին Թրեյսիի սայթաքման հետ, քանի որ նա ընդդիմության երթերի ժամանակ ակնհայտ կողմնակալ դիրքորոշում էր հայտնել գործընթացների վերաբերյալ` խառնվելով Հայաստանի ներքին գործերին, ինչը հարուցել էր ԱՄՆ–ի հայկական համայնքի և ամերիկահայ կազմակերպությունների բավականին լուրջ դժգոհությունը»,– պարզաբանեց Բալասանյանը։

Միջազգայնագետի կարծիքով` որևէ երկրում դեսպան նշանակելիս ամերիկյան կառավարությունը ցանկանում է տեղի իշխանություններին պահել իր համար ցանկալի ուղեծրում։ Ըստ նրա` Լին Թրեյսին չկարողացավ ամբողջությամբ կատարել իր առջև դրված խնդիրը, որովհետև Հայաստանը չմիացավ Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցներին, ինչը խափանեց Միացյալ Նահանգների պլանները։

Please enter a valid URL