Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, թե ինչ գործընթաց է սպասվում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո:
«Եթե լիազորությունները դադարեցվում են, ապա մանդատը փոխանցվում է տվյալ ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին: Եթե հերթական հաջորդ թեկնածուն սահմանված կարգով ներկայացնում է ինքնաբացարկ, ապա մանդատը փոխանցվում է հաջորդ թեկնածուին, որն ինքնաբացարկ չի ներկայացրել: Հետևաբար խմբակցությունը, որն ԱԺ-ում արդեն ունի անվանում, հանդես է գալիս այդ անվամբ, այդ անվանումը պահպանվում է»,- ասել է ԿԸՀ նախագահը:
Նա հավելել է, որ ընտրական օրենսգիրքը նախատեսում է՝ եթե ընտրական ցուցակում այլևս չկա թեկնածու, որին կարող է փոխանցվել այդ մանդատը, ապա այն մնում է թափուր:
ԿԸՀ-ում դեռևս չի ստացվել լիազորությունների դադարեցման վերաբերյալ դիմում, ստանալուց հետո ԿԸՀ-ն մեկշաբաթյա ժամկետում, եթե լինում են հերթական հաջորդ թեկնածուների հետ կապված ինքնաբացարկների հարցեր, քննում է, եթե չեն լինում, ապա մանդատը միանգամից փոխանցվում է հերթական հաջորդ թեկնածուին:
Հիշեցնենք՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը պատգամավորական մանդատը վայր է դրել: Նա ավելի ուշ հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ «Հայրենիք» կուսակցության Խորհուրդը որոշում է կայացրել՝ շարունակելու գործունեությունը խորհրդարանից դուրս։ Ըստ հայտարարության՝ կուսակցության որոշմամբ դե յուրե և դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ ձևավորված «Պատիվ ունեմ» դաշինքը: