«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ մանդատը վայր դնելուց հետո հասարակության մի ստվար զանգված պահանջում է, որ մյուս պատգամավորներն էլ դնեն մանդատները, քանի որ ԱԺում ընդդիմությունն այլեւս անելիք չունի․ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հարցը խորհրդարանում չի լուծվելու։ «Հայաստան» դաշինքում, սակայն, հույս ունեն, որ սեպտեմբերին հնարավոր կլինի վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել, եւ այդտեղ է, որ մանդատները կարող են պետք գալ։
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցինք՝ սպասելի՞ էր իր համար Վանեցյանի որոշումը, եւ նախապես իրենց տեղյակ պահե՞լ է նա այդ մասին։
Օհանյանն ասաց․ «Արթուր Վանեցյանը մանդատը վայր դնելուց առաջ զանգահարել է ինձ ու դրա մասին տեղեկացրել եւ շնորհակալություն հայտնել մեր համատեղ գործունեության համար, հատկապես Ազգային ժողովում մեր ընդդիմադիր խմբակցությունների համագործակցության, մեր աջակցության համար։ Ինքը նաեւ ասել է, որ չնայած մանդատը դնում է, բայց, այնուամենայնիվ, մեր շարժման մեջ է լինելու, միասին ենք լինելու, եւ ես գնահատում եմ մեր համատեղ գործունեությունը ե՛ւ Ազգային ժողովում, ե՛ւ նաեւ դիմադրության շարժման այս ամբողջ ընթացքում»։
Հարցին՝ իսկ «Հայաստան» դաշինքում մանդատները դնելու քննարկում կա՞, եւ ինչպե՞ս է ինքը վերաբերվում այդ հարցին, Օհանյանն ասաց, որ իրենց դաշինքում այդպիսի քննարկում չի եղել։ «Մենք այսօր ներկայացնում ենք մեր գործունեությունը հետեւյալ կերպ, որ մենք Ազգային ժողովում ենք՝ մեր օրակարգով, իսկ այսօրվա մեր երկրի օրակարգն այն դիմադրության շարժումն է, որը թույլ չպետք է տա մեր իշխանություններին՝ կուրորեն գնալ խաղաղության խաբկանքի։
Այսինքն՝ ժողովուրդն այսօր պահանջում է փողոց, մենք այսօր փողոցում ենք»,- ասաց խմբակցության ղեկավարը։ Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» խմբակցության մյուս անդամներից, սակայն նրա ակտիվ անդամներից ամեն մեկը մի տեղում էր գտնվում։ Հայկ Մամիջանյանը Ստրասբուրգում է՝ ԵԽԽՎ նստաշրջանին է մասնակցում, Տիգրան Աբրահամյանն Արցախում է, Թագուհի Թովմասյանը մեկնել է հայրենի Վարդենիս՝ մաքուր օդի պայմաններում «առավել արդյունավետ որոշում կայացնելու», ինչպես նշել էր իր էջում։ Դեռ որոշում չի կայացրել եւ մեր զանգերին էլ երեկ ամբողջ օրը չպատասխանեց, որ իմանայինք՝ մտադի՞ր է հետեւել խմբակցության ղեկավարի օրինակին՝ մանդատը դնելո՞ւ է, թե՞ շարունակելու է պատգամավորական գործունեությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
Հիշեցնենք, որ Թագուհի Թովմասյանը նախորդ գումարման ԱԺ էր անցել «Քաղպայմանագրի», իսկ այս գումարման ԱԺ՝ «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում ընդգրկվել էր Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության քվոտայով։ Մեզ ասացին, որ Թագուհին ավելի շատ մանդատը դնելու կողմնակից է, սակայն իրեն հորդորել են, որ վայր չդնի։ Իսկ խմբակցության մյուս անդամները մանդատները դնելու մտադրություն այս պահին չունեն, չեն էլ քննարկում այդ հարցը։ Վանեցյանն ազատ է թողել, որ ամեն մեկն իր որոշումը կայացնի։
Եվ եթե դաշինքի ՀՀԿ-ական մասը մնա, ու խմբակցության ղեկավար էլ դառնա Հայկ Մամիջանյանը, ինչպես տեղեկացնում են մեզ, ապա կնշանակի, որ Սերժ Սարգսյանն առաջիկա տարիներին կունենա իր 7 հոգանոց խմբակցությունը խորհրդարանում, որը «Պատիվ ունեմ» անվան տակ մտավ խորհրդարան՝ Արթուր Վանեցյանի դեմքով ու ջանքերով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում