Search
Close this search box.

Պահանջում են սկանդալային ձայնագրության մասնակիցների հրաժարականը

Մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրության առնչությամբ, որտեղ նա զրուցում է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի և ԲԴԽ անդամ Ստեփան Մխիթարյանի հետ։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«2022 թվականի հունիսի 20-ին Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի և փաստաբանի հրավիրած ասուլիսի ընթացքում հրապարակվել է Ռուբեն Վարդազարյանի, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եւ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի միջև զրույցի ձայնագրությունը:

Հրապարակված զրույցը տեղեկություններ է պարունակում Ռուբեն Վարդազարյանի շուրջ հարուցված քրեական գործերի հնարավոր դրդապատճառների, քրեական արդարադատության իրականացմանը և քրեական գործերի քննությանը միջամտելու առերևույթ փաստերի վերաբերյալ, ինչը խիստ մտահոգությունների տեղիք է տալիս ինչպես քրեական վարույթն իրականացնող մարմինների անկախության և անաչառության, քրեական արդարադատության արդյունավետության, այնպես էլ դատական իշխանության և դատավորների անկախության և հեղինակության ապահովման համատեքստում:

Բարձրագույն դատական խորհրդի՝ դատարանների և դատավորների անկախության երաշխավորի առաքելությունը պահանջում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը և դրա անդամները պետք է դատական իշխանության անաչառության, անկախության և արդյունավետության արտացոլանքը հանդիսանան, վայելեն ինչպես համակարգի ու հանրության վստահությունը, այնպես էլ հանդես գան որպես արդարադատության սիմվոլ։ Բարձրագույն դատական խորհրդի անդամները իրենց հանրային կերպարով, գործունեությամբ և խոսքով պետք է վստահելի և օրինակելի լինեն ողջ հասարակության համար:

Մինչդեռ, հրապարակված ձայնագրությունը հերթական անգամ ապացուցում է, որ դատական համակարգի խնդիրներն սկսվում են այն մարմնից, որի նպատակն ու առաքելությունը այդ խնդիրների լուծումն է, մարմին, որն ի դեմս իր նախագահների ավելի շատ ասոցացվում է հանրային պարսավանքի ու ամոթի հետ։

Բարձրագույն դատական խորհրդի անդամների մասնակցությամբ խոսակցության մանրամասները բացարձակապես անընդունելի և դատապարտելի են: Նման հանգամանքներում, Խորհրդի հետագա գործունեությունը անհնար է հրապարակված խոսակցությանը մասնակից անձանց անդամակցությամբ: Դատական իշխանության և արդարադատության շահերից է բխում նրանց անհապաղ հրաժարականը: Այդ անձանց հետագա պաշտոնավարումը ունակ է էլ ավելի մեծացնել Բարձրագույն դատական խորհրդի ու դատական իշխանության նկատմամբ տիրող խորը հանրային անվստահությունը:

Միաժամանակ, հերթական անգամ արձանագրում ենք, որ դատական և իրավական համակարգում նման դրսևորումները ՀՀ իշխանությունների կողմից վեթինգի և անցումային արդարադատության տապալման և չիրականացման արդյունք են: Քաղաքացիական հասարակության և իրավաբանական համայնքի ներկայացուցիչների կողմից բազմիցս բարձրացվել է դատական և իրավապահ համակարգում վեթինգի և լյուստրացիայի անհրաժեշտության մասին, ինչն իրականացնելու քաղաքական կամք գործող իշխանությունները չունեցան:

Կարևորելով Բարձրագույն դատական խորհրդի բնականոն գործունեության ապահովումն ու դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացումը և առողջ ընկալումների ձևավորումը՝ պահանջում ենք

Բարձրագույն դատական խորհրդի՝ հրապարակված խոսակցությանը մասնակից բոլոր անդամների անհապաղ հրաժարականը,
Իրականացնել հրապարակված խոսակցության ընթացքում դրա մասնակիցների հայտնած տեղեկությունների օբյեկտիվ, լրիվ և արդյունավետ քննություն,

Իրականացնել Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ քննվող և չհարուցված քրեական գործերի օբյեկտիվ, լրիվ և արդյունավետ քննություն,
Ապահովելով պատշաճ օրենսդրական կարգավորումներ՝ իրականացնել դատական և իրավական համակարգում համընդհանուր վեթինգ՝ առաջինը սկսելով Բարձրագույն դատական խորհրդի գործող կազմից»:

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակ
Բաց հասարակություն հիմնադրամներ- Հայաստան
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ
Իրազեկ քաղաքացիների միավորում

Please enter a valid URL